Կիևը Իրանում ուկրաինական Boeing-ի կործանման հավանական վարկած է համարում ահաբեկչությունը, հրթիռի հարվածն ու շարժիչի պայթյունը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը՝ նշելով, որ ներկայումս իրավասու մարմինների և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության աշխատակիցների մասնակցությամբ խորհրդակցություն է տեղի ունենում: Նրա խոսքով, ուսումնասիրվում է նաև «Տոր» ԶՀՀ-ով հարվածի վարկածը, քանի որ աղետի վայրի մոտ ռուսական հրթիռի բեկորների հայտնաբերման մասին տեղեկատվությունն արդեն հայտնվել է համացանցում. «Վարկածներից են նաև բախումն անօդաչու թռչող սարքի կամ թռչող այլ օբյեկտի հետ, տեխնիկական պատճառներով շարժիչի պայթյունը, ահաբեկչական գործողության հետևանքով ինքնաթիռի ներսում պայթյունը»,- ասել է նա: Դանիլովը տեղեկացրել է, որ հունվարի 9-ին ուկրաինացի մասնագետները ժամանել են Իրան, որպեսզի ավիավթարի վայրում հրթիռի բեկորներ որոնեն: Իր հերթին, Իրանի քաղավիացիան հայտնել է, որ Boeing-ը հրդեհվել է նախքան գետնին բախվելը: Հիշեցնենք, Թեհրանում տեղի ունեցած ավիաաղետը 176 մարդու կյանք է խլել: