Ազգային ժողովի նիստն այսօր՝ մարտի 24-ին, սկսվեց բանավեճով: Քառօրյա նստաշրջանի օրակարգը հաստատելուց առաջ «Իմ քայլը» և ԲՀԿ խմբակցությունները չաջակցեցին «Լուսավոր Հայաստան» խացկության ղեկվար Էդմոն Մարուքյանի՝ արտակարգ դրության պայմաններում դադարեցնել նիստեն ու գնալ տուն, առաջարկությանը:
Մարուքյանի կարծիքով Ազգային ժողովն պետք է օրինակ ծառայի և չգումարի նիստեր, որպեսզի քաղաքացիներն էլ հետևեն պետության հորդորներին ու կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով մնան տանը:
«ԱԺ նիստը գումարելով հիմա, 130 հոգով հավաքվելով եւ մեր աշխատակիցներին աշխատանքի հրավիրելով, վատ օրինակ ենք ծառայում, մանավանդ վարչապետի երեկվա հայտարարությունից հետո: Առաջարկում եմ խմբակցություններով քննարկել, եւ ԱԺ-ում մնանք միայն խորհրդի անդամներով, ովքեր անընդհատ կապի մեջ կլինեն։ Հիմա քվորում չապահովենք, չհաստատենք օրակարգը եւ այդ ճանապարհով նիստերը չիրականացնենք, առավել եւս, որ հրատապ նախագիծ չունենք, որը կապված է ատակարգ դրության հետ», - ասաց Մարուքյանը, որի հետ չահամաձայնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
ԱԺ նախագահը նկատեց, որ կյանքը շարունակվում է, իսկ պետության կառավարման տարբեր ոլորտների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություններ քննարկող Ազգային ժողովը չի կարող ուղղակի չաշխատել: «Կյանքը շարունակվում է, եւ որպես օրինակ մենք ոչ թե պետք է նստենք տանը, այլ աշխատենք»,- ասաց Միրզոյանը՝ ընդգծելով, որ ոչ ոք չգիտի՝ ինչքան կշարունակվի արտակարգ դրությունը, երբ կավարտվի: «Կարող է լինել մեկ ամիս, կարող է և մեկ տարի», - խոսեց անորոշությունից նա ու հավելեց, որ ԱԺ-ն չի կարող մեկ տարի չաշխատել:
Այնուամենայնիվ Միրզոյանը ասաց, որ եթե պատգամավորը հանդես գա նման օրենսդրական նախաձեռնությամբ՝ պարտավոր են քննարկել, բայց քանի դեռ չկա նման նախաձեռնություն՝ օրենքով սահմանված կարգով պետք է իրականացնեն ԱԺ գործունեությունը:
Էդմոն Մարուքյանը շարունակեց պնդել իր առաջարկը, նշելով, որ ԱԺ օրակարգում ներառված են հրատապ հարցեր: Նրան արձագանքեց ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը. «Խորհրդարանական պետությունում կարեւոր մարմինը խորհրդարանն է և պատգամավորները չեն կարող գնալ նստել տանը՝ իսկ ժողովուրդն ո՞ւմ է նայելու»:
Մարուքյանը երրորդ անգամ ներկայացրեց իր առաջարկը՝ ընդգծելով, թե խնդիրը նրա մեջ չի, որ իրենք չեն ուզում աշխատել, այլ այն է, որ վարակակիրների թիվն օր օրի ավելանում է: «Մի մարդ կարող է վարակել է վարակաիրների 60 տոկոսին: Մենք պատգամավորներ ունենք՝ Ֆրանսիայից ու այլ երկրներից եկել են, 14 օր չեն էլ ինքնամեկուսացվել, հազար ու մի բան կա, ժողովուրդ ջան, եթե մենք լուրջ չենք վերաբերում, ոչ ոք այս երկրում լուրջ չի վերաբերվելու։ Ասում են՝ ա, սուտ բան ա այս ախպեր, ոչ մի բան չկա ու օրեցօր 30-40 դեպք ավելանում է», - ասաց Մարուքյանը՝ կոչ անելով 20 րոպե ընդմիջում վերցնել եւ խմբակցություններով քննարկել հարցը։
Վարկամ կարգով բանավեճին զարմանքով միջամտեց պատգամավոր Սասուն Միքայելյանը. «Առաջարկում եմ Ազգային ժողովը ցրել, փրկվենք բա…»:
Այնուամենայնիվ ԱԺ քառօրյա նստաշրջանի օրակարգը հաստատվեց, որի կողմ քվերակեց նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
Քվեարկությունից հետո բանավճը պատգամավորների միջև շարունակվեց, հնչեցին փոխադարձ մեղադրանքներ: Բանավեճը եզրափակեց Սասուն Միքայելյանը՝ նկատելով, որ Մարուքյանի առաջարկից բխում էր, որ իր խմբակցությունը պետք է դեմ քվեարկեր օրակարգի հաստատմանը: «Չեմ ուզում վիրավորել, բայց ոնց որ պոպուլիզմ լինի»: