10.11.2025
Հայաստանը չի կարող քաշվել հակաիրանական կամ հակաամերիկյան գործողությունների մեջ. Փաշինյան
05.01.2020
Հայաստանը չի կարող քաշվել հակաիրանական կամ հակաամերիկյան գործողությունների մեջ. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտանիշ լեռան գագաթից խաղաղության ուղերձ է հղել Իրանի և ԱՄՆ նախագահներին: «Իրանը մեզ համար բարեկամ երկիր է, Միացյալ Նահանգները մեզ համար բարեկամ երկիր է, և այս իրավիճակում, մենք, իհարկե, չենք կարող քաշվել հակաիրանական գործողությունների մեջ, մենք չենք կարող ներքաշվել նաև հակաամերիկյան գործողությունների մեջ։ Եվ մեր ուղերձն այն է, որ Իրանի և Միացյալ Նահանգների մեր գործընկերները զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կվատթարացնեն առանց այն էլ լարված իրավիճակը մեր տարածաշրջանում և միջազգային հարաբերություններում»,- հայտարարել է Փաշինյանը։ Նրա խոսքով, բոլոր հանձնարարականները տրված են Հայաստանի համապատասխան կառույցներին՝ իրավիճակին հետևել ուշի ուշով։ Բացի այս, հավաստիացրեց նա, անհրաժեշտ բոլոր քայլերն արվել են, աշխատանքներն արվում են: Հիշեցնենք, հունվարի 3-ին ԱՄՆ-ն հրթիռային հարված է հասցրել Բաղդադի օդանավակայանի շրջակայքին, ինչի հետեւանքով սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈւ էլիտար ուժեր) հատուկ նշանակության ուժերի հրամանատար Կասեմ Սուլեյմանին։ Ամերիկյան ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդմամբ գործողությունն իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։ Իրանի նախագահ Հասան Ռուհանին խոստացել է վրեժխնդիր լինել ԱՄՆ-ից Սուլեյմանիի մահվան համար: