Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը համաձայն չէ Զագրեբում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հայաստանի նոր իշխանությունների կողմից վարվող արտաքին քաղաքականության վերաբերյալ հնչեցրած գնահատականների հետ: Մասնավորապես, Սարգսյանն ասել էր, որ Հայաստանում վերջին մեկուկես տարվա ընթացքում արտաքին ու ներքին քաղաքական կյանքում որեւէ հեղափոխական փոփոխություն չի կատարվել: «Համաձայն չեմ Սերժ Սարգսյանի հայտնած դիրքորոշման առնչությամբ: Չնայած նրան, որ կառավարությունն իր ծրագրում նշել է, որ արտաքին քաղաքականութան առումով վեկտորներ չեն փոխվել և մենք գնում ենք այդ ուղղությամբ, այնուամենայնիվ, ՀՀ-ն ոչ միայն բալանսավորված քաղաքականություն է ձգտում վարել, այլեւ որակական ու բովանդակային առումով նոր շեշտադրումներ է հաղորդում իր գործընկերների հետ հարաբերություններին: Եվ դրա վառ վկայությունն են եվրոպական մի շարք երկրների հետ ՀՀ-ի հարաբերությունները՝ Ֆրանսիա, Գերմանիա և այլն»,- նշեց Մակունցը լրագրողների հետ հանդիպմանը: Ըստ իշխանական պատգամավորի, շատ կարեւոր են ՀՀ սուվերեն դիրքերը: