Թուրքիայի և Ադրբեջանի օդուժի թռիչքները Հայաստանի ու Արցախի համապատասխան համակարգերի դիտարկման տիրույթում են։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Նա գրել է. «Ցանկացած ինքնաթիռի, ուղղաթիռի օդ բարձրանալը, տարբեր ուղղություններով շարժվելը ֆիքսվում է։
Հակառակորդի օդուժի՝ սահմանից վտանգավոր հեռավորության վրա գտնվելու, սպառնալիք ստեղծելու պարագայում, ՀՕՊ համակարգերը ըստ նախապես հաստատված ընթացակարգերի, օպերատիվ քայլեր են ձեռնարկում»։
Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի բանակի հարցերով խորհրդական Տիգան Աբրահամյանը հավանաբար մեկնաբանում է ավելի վաղ տարածված լուրերն առ այն, որ Ադրբեջանի Զինուժի հետ համատեղ զորավարժությունների ժամանակ թուրքական F-16 կործանիչները Հայաստանի մայրաքաղաք են մոտեցել օդային հարվածի հեռավորության վրա:
Այդ մասին մասնավորապես հայտնել է avia.pro: Նշվում է, որ առնվազն երկու մարտական մեքենա է թռել Հայաստանի սահմանին առավելագույնս մոտ, որտեղից մինչև Երևան հեռավորությունը կազմում է 56 կմ։
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ այդպիսով նրանք կարող էին աշխատել Հայաստանի մայրաքաղաքին հարվածելու ուղղությամբ: Թուրքիայի ռազմաօդային ուժերի սապռազինությունը թույլ է տալիս հարված հասցնել այդ հեռավորության վրա:
Դրանից հետո Հայաստանի սահմանի մոտ նկատվել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռներ։
Հուլիսի 28-ին Թուրքիայի զինծառայողները ժամանել են Ադրբեջան՝ մասնակցելու համատեղ զորավարժություններին, այդ թվում՝ Հայաստանի հետ սահմանին։
Մարտական հրաձգությամբ մարտավարական ու թռիչքային-մարտավարական լայնածավալ գործողությունները մեկնարկել են հուլիսի 29-ին եւ կտեւեն մինչեւ օգոստոսի 10-ը՝ երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության մասին համաձայնագրին համապատասխան:
Զորավարժություններին կմասնակցեն Ադրբեջանի և Թուրքիայի բանակների զրահատեխնիկան, հրետանային կայանքները, ռազմական և տրանսպորտային ուղղաթիռները, հակաօդային պաշտպանության ուժերը և զենիթահրթիռային ստորաբաժանումները: