Էդմոն Մարուքյանը «Հայինկասացիա»-ի աշխատակիցների դիմումի կապակցությամբ դիմել է վարչապետին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «Հայինկասացիա» ՓԲԸ բազմաթիվ աշխատակիցների դիմումի կապակցությամբ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին Մարուքյանը հայտնում է Facebook-ի իր էջում:
««Հայինկասացիա» ՓԲԸ բազմաթիվ աշխատակիցների դիմումի կապակցությամբ՝ դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Խնդիրն այն է, որ ընկերության լուծարման հետևանքով գործազուրկ են դառնում շուրջ 200 քաղաքացիներ, ում նախապես ՀՀ ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանը խոստացել է, որ ոչ ոք առանց աշխատանքի չի մնալու։ Մինչդեռ, պարզվել է հակառակը` ընկերության շատ փոքր թվով աշխատակիցներ են վերցվում աշխատանքի այլ կազմակերպությունում:
Խնդրել եմ տրամադրել տեղեկատվություն, թե արդյոք «Հայինկասացիա» ՓԲ ընկերությունը լուծարվել կամ լուծարվում է, եթե ընկերությունը լուծարման գործընթացում է, ապա ե՞րբ է այն սկսվել, ի՞նչ փուլում է գտնվում այդ պրոցեսը և ո՞վ է իրականացնում կամ իրականացրել լուծարային գործընթացը, և մի շարք այլ հարցերի վերաբերյալ»,- գրել է պատգամավորը: