13.07.2025
Էդուարդ Մարտիրոսյանը Գոհար Վարդանյանի Պատվո շքանշանը փոխանցեց հետախույզի զարմուհուն
13.03.2020
Էդուարդ Մարտիրոսյանը Գոհար Վարդանյանի Պատվո շքանշանը փոխանցեց հետախույզի զարմուհուն

Մարտի 12-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն ազգային անվտանգության մարմինների թանգարանում հանդիսավոր կերպով փոխանցեց լեգենադար հետախույզ Գոհար Վարդանյանի զարմուհուն` Անահիտ Փահլևանյանին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգևատրված Գ. Վարդանյանի Պատվո շքանշանը: Մարտիրոսյանը ԱԱԾ աշխատակիցների անունից իր երախտիքի և շնորհակալական խոսքը ուղղեց ականավոր հետախույզի հարազատներին: «Մենք բարձր ենք գնահատում Գևորգ և Գոհար Վարդանյաների աշխատանքը, անվտանգության մարմիններում անբասիր գործունեությունը, հայրենիքին մատուցած բացառիկ ծառայություններն ու անմնացորդ նվիրումը: Նրանք մեծ ավանդ են ներդրել երկրի ազգային շահերի և անվտանգության համար, ու մեր բոլորի հիշողություններում իրենք կմնան որպես հայրենիքին նվիրյալ հերոսներ», - ասաց Մարտիրոսյանը: Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար՝ Փահլևանյանը, նշեց, որ անչափ հպարտ և ուրախ է, որ Վարդանյանների կատարած ահռելի աշխատանքն ու հայրենիքին մատուցած ծառայությունը նման բարձր գնահատականի արժանացան իրենց հայրենիքում: «Մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ սովորեցնում էին լինել պարտաճանաչ, բարի, մարդասեր և լավատես: Այդպիսին էին Գևորգ և Գոհար Վարդանյանները: Հայրենասեր և ուժեղ, անվախ և վճռական այդ զույգն անցել է բարդ և դժվարին ճանապարհ», - ասաց Փահլևանյանը: Վարդանյանների հարազատները հետմահու պարգևատրած Պատվո շքանշանը ի պահ տվեցին ՀՀ ազգային անվտանգության մարմինների թանգարանին: