2.11.2024
Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել 200 հա վրացական տարածքի նկատմամբ․ Bellingcat
04.11.2019
Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել 200 հա վրացական տարածքի նկատմամբ․ Bellingcat

«Ադրբեջանը վերահսկողություն է սահմանել Վրաստանի տարածք հանդիսացող ընդհանուր առմամբ շուրջ 200 հեկտար կազմող սահմանամերձ հողակտորի նկատմամբ», - պնդում է բաց աղբյուրների վրա հիմնված լրագրողական հետաքննություններով զբաղվող Bellingcat կայքը: Հետազոտելով Google-ի կողմից արված վերջին արբանյակային լուսանկարները` Bellingcat-ը փոխանցում է, որ այս տարվա ապրիլին Ադրբեջանի սահմանապահ զորքերի հենակետեր են հայտնվել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի պետական սահմանների միացման կետ հանդիսացող Բաբաքյար լեռան վրացական հատվածում: Bellingcat-ի հոդվածագիր Մասիս Ինգիլիզյանը հիշեցնում է, որ դեռ օգոստոսին ադրբեջանցի պաշտոնյաներն ու Բաքվի մամուլը ազդարարում էին, թե հայ - ադրբեջանական պետական սահմանի Ղազախի հատվածում կարողացել են բարելավել մարտական դիրքերը: Կայքը մասնավորաբար հիշեցնում է Ադրբեջանի սահմանապահ զորքերի շտաբի պետ, գեներալ-մայոր Էլչին Իբրահիմովի օգոստոսի 16-ին ասված խոսքերը, թե «ադրբեջանցի սահմանապահներին հաջողվել է շփման գծում առաջ շարժվել մի քանի ուղղություններով և դիրքեր զբաղեցնել ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքների վրա»: Bellingcat-ի հեղինակը, չժխտելով ադրբեջանական առաջխաղացման փաստը, միաժամանակ ընդգծում է, որ այն իրականացվել է ի հաշվի երրորդ պետության` Վրաստանի: Bellingcat-ի կողմից հրապարակված արբանյակային լուսանկարներից պարզ է դառնում, որ Ադրբեջանի սահմանապահ զորքերը առնվազն չորս նոր հենակետեր են ստեղծել այս հատվածում, որոնք 140-ից 370 մետր հեռու են Ադրբեջանի բուն տարածքից և փաստորեն գտնվում են Վրաստանի Քվեմո-Քարթլի երկրամասում` Կիրաչ-Մուղանլո գյուղի դեմ դիմաց: Ավելին, ըստ Bellingcat-ի հոդվածագրի, Վրաստանի տարածքում ստեղծված ադրբեջանական հենակետերից մեկը Բաքու-Գյանջա-Թբիլիսի մայրուղու վրա գտնվող վրացական «Կարմիր կամուրջ» սահմանային անցակետից ընդամենը 380 մետրի վրա է` գերիշխող բարձունքի վրա: «Այս նոր տարածքները Ադրբեջանին մարտավարական առավելություն էին տալիս Հայաստանի հանդեպ: Հետագայում, սակայն, հայկական կողմը ևս հայտարարեց, որ պետական սահմանի այս հատվածում կարողացել է 140 հեկտար հավելյալ տարածքի հանդեպ վերահսկողություն սահմանել, ինչը չեզոքացրեց ադրբեջանական առաջխաղացումը», - գրում է Bellingcat-ը` նշելով, որ հայկական ուժերը ևս առաջացել են Բաբաքյար լեռան գագաթի ուղղությամբ: Կայքը, այդուհանդերձ, չի հստակեցնում, արդյոք հայկական ուժերը, ադրբեջանցիների օրինակով, դիրքերը բարելավել են Վրաստանի՞ հաշվին, թե՞ ոչ: