2020 թվականի փետրվարի 19-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի, վերջինիս տեղակալ, արդարադատության գնդապետ Գագիկ Մարկոսյանի գլխավորությամբ անցկացվել է Քրեակատարողական ծառայության համակարգի ընդլայնված խորհրդակցություն, որին մասնակցել են քրեակատարողական հիմնարկների պետերը, Ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների օպերատիվ, անվտանգության և պահպանության ապահովման, սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների ստորաբաժանումների, ինչպես նաև ներքին անվտանգության բաժնի և շտաբի ղեկավարությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի, ինչպես նաև թմրամիջոցների, բջջային հեռախոսների, արգելված իրերի և առարկաների շրջանառության դեմ պայքարի ոլորտում կատարված աշխատանքները, ի հայտ եկած հիմնախնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված կառուցակարգերը։
Մասնավորապես հանգամանալից անդրադարձ է կատարվել ինչպես կալանավորված անձանց և դատապարտյալների, այնպես էլ քրեակատարողական ծառայողների (աշխատակիցների) հետ տարվող բացատրական-կանխարգելիչ աշխատանքների շարունակական ակտիվացմանը, անհատական և խմբային պարապմունքների պարբերական անցկացմանը, վերլուծությունների, ստուգայցերի և ստուգողական այլ գործողությունների արդյունավետության բարձրացմանը։ Ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների և քրեակատարողական հիմնարկների ղեկավարության կողմից ներկայացվել է մոլախաղերի, դրամական միջոցների հավաքագրման, թմրամիջոցների, բջջային հեռախոսների, արգելված իրերի և առարկաների շրջանառության, ներքին կանոնակարգի պահանջների այլ խախտումների, ինչպես նաև հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական հանցագործություններ կատարելու դեպքերի բացառման նպատակով ձեռնարկված միջոցառումների փաստական վիճակը։ Քննարկվել են նաև Ծառայության պետ Արթուր Գոյունյանի ցուցումով նախատեսված միջոցառումների արդյունքները։
Խորհրդակցության ավարտին տրվել են քրեակատարողական ծառայողների և աշխատակիցների զգոնությունն ու կարգապահությունը բարձրացնելուն, հիմնարկներում կոռուպցիոն ցանկացած դրսևորման բացառմանը, արգելված իրերի ներթափանցմանը, քրեական ենթամշակույթի բոլոր տեսակի երևույթների դեմ անզիջում պայքարի արդյունավետությանը միտված հասցեական հանձնարարականներ, նշվել է, որ իրավախախտումների դեմ պայքարը լինելու է հետևողական, և հատկապես քրեակատարողական հիմնարկների վարչակազմի ներգրավմամբ ի հայտ եկած ցանկացած բացասական դրսևորում արժանանալու է կոշտ արձագանքի, օրենքի առաջ պատասխանը լինելու է խիստ և անխուսափելի։