Բաքուն, Թբիլիսին և Անկարան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը էներգետիկայի ոլորտում, ասված է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳՆ ղեկավարների՝ Թբիլիսիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ:
Իր հերթին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան նպատակ ունի խորացնել հարաբերությունները Վրաստանի և Ադրբեջանի հետ՝ էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի, կրթության, տուրիզմի ոլորտներում:
Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան էներգետիկ-տրանսպորտային, լոգիստիկ միջանցքն իր մեջ կրելով պանթուրքիստական բնույթ՝ Անկարայի ազդեցության տարածում ու ամրապնդում Կովկասում և Կենտրոնական Ասիայում, օգտագործվում է նաև Արևմուտքի՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից, ինչպես նաև Չինաստանի:
Թուրքիայի համար Վրաստանի տարածքը պլացդարմ է դեպի եղբայրական Ադրբեջան և թյուրքախոս Կենտրոնական Ասիա, որտեղ առկա են նավթի, գազի մեծ ռեսուրսներ, ինչպես նաև այդ երկրները ցանկանում են իրենց էներգակիրներն արտահանել դեպի Արևմուտք, և այդ առումով Ադրբեջանը վերածվում է տրանսպորտային-էներգետիկ կամրջի՝ Անկարայի և Կենտրոնական Ասիայի երկրների համար:
Անկարան, խորացնելով ու զարգացնելով Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան միջանցքը, վերածվում է կարևորագույն էներգետիկ տրանզիտ երկրի Արևմուտքի համար: Հարավային գազային միջանցքը, TANAP-ը, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագծերն անցնում են այդ երկրների տարածքով:
Արևմուտք-ՌԴ գեոպոլիտիկ հակամարտության պարագայում ԱՄՆ-ի ու ԵՄ-ի համար կարևոր է դառնում Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան միջանցքի անխափան աշխատանքը, որպեսզի նրանք կարողանան ստանալ Կասպից ծովի էներգակիրները, իսկ ապագայում Տրանսկասպյան գազամուղի շնորհիվ հնարավոր է թուրքմենական գազը հայտնվի եվրոպական շուկայում՝ նվազեցնելով ԵՄ-ի գազային կախվածությունը Մոսկվայից:
Ինչ վերաբերվում է Չինաստանին, ապա Պեկինի համար կարևոր է Մետաքսի ճանապարհի շրջանակներում ունենալ ելք դեպի Կովկասի տարածաշրջան Տրանսկասպյան միջանցքի շնորհիվ, որն անցնում է Ղազախստանով, Ադրբեջանով, Վրաստանով դեպի Թուրքիա, Սև ծով և ԵՄ:Չինաստանի համար գեոպոլիտիկ հետաքրքրություն է ներկայացնում Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա միջանցքը, որը թույլ կտա չինական ապրանքներն արտահանել թե՛ տվյալ տարածաշրջան՝ Կովկաս, Թուրքիա, Սև ծովի երկրներ, թե՛ ԵՄ:
Թուրք-ադրբեջանական տանդեմը Վրաստանի տարածքում կյանքի կոչելով էներգետիկ՝ գազամուղ, նավթամուղ, ավտոմայրուղիներ, երկաթգիծ և այլ նախագծեր, նպատակ ունի մեկուսացնել Հայաստանին տարածաշրջանում, ինչպես նաև ավելացնել պանթուրքիստական ծրագրի կյանքի կոչման շանսերը:
Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան միջանցքը սպասարկում է Թուրքիայի, Արևմուտքի, Չինաստանի շահերը: Չնայած այդ միջանցքն Արևմուտքի համար ունի հակառուսական բաղադրիչ, սակայն Մոսկվան կարողանում է խելացի կերպով օգտվել այդ ծրագրից, այդ թվում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծից և այլ լոգիստիկ հնարավորություններից:
Այս պարագայում ՀՀ-ն պետք է ամեն ինչ անի վերածվելու ՌԴ-Վրաստան-Իրան միջանցքի կարևորագույն տարրի, որպեսզի հակակշռի Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան միջանցքին՝ ստանալով գեոպոլիտիկ, տնտեսական դիվիդենտներ և ամենակարևորը մտնել մեծ տնտեսական նախագծերի մեջ` ապահովելով ՀՀ-ի տնտեսության զարգացումը և աշխատատեղերի ստեղծումը:
Հայաստանը պետք է ավելի ակտիվ աշխատի Աբխազիայի հետ, որպեսզի հնարավոր լինի վերագործարկել աբխազական երկաթգիծը: Վրաստանը ելնելով իր շահերից, թուրք-ադրբեջանական լոբբինգի պայմաններում չի ցանկանում գործարկել աբխազական երկաթգիծը՝ դրանով պահպանելով ՀՀ-ի բլոկադան:
Հայկական կողմը պետք է Թբիլիսիին բացատրի աբխազական երկաթգծի գործարկման տնտեսական և քաղաքական դիվիդենտները վրացական կողմի համար: Այն է՝ Վրաստանը կդառնա միջանցք ՌԴ-ի և ՀՀ-ի միջև, դրանով բարձրացնելով իր նշանակությունը թե՛ Մոսկվայի, թե՛ Երևանի համար և բալանսավորի թուրք-ադրբեջանական տանդեմից մեծ կախվածությունն ու դրանով իսկ կարողանալով Անկարային և Բաքվին պահել որոշակի դիստանցիայի վրա:
Հայաստանի համար ՌԴ-ի հետ նոր տրանսպորտային միջանցքների առկայությունն ունի կենսական նշանակություն. Վերին Լարսը ժամանակ առ ժամանակ փակվում է, լաստանավային փոխադրումները բավականին թանկ են, բացի այդ, երկաթգծի առկայությունը կարող է ՀՀ-ին դարձնել տարանցիկ միջանցք նաև Իրանի համար, քանի որ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը Պարսից ծոց-Սև ծով-ՌԴ ուղղության վրա նոր գեոպոլիտիկ ստատուս-քվո կստեղծի տարածաշրջանում՝ բարձրացնելով ՀՀ-ի գեոպոլիտիկ նշանակությունն ու տնտեսական կշիռը: