Փաշինյանին հաջողվեց ճեղքել քաղաքացիներին ու մտնել օդանավակայան
Այսօր առավոտվանից ընդդիմությունը փակել էր «Զվարթնոց» օդանակավակայան տանող ճանապարհը, որպեսզի թույլ չտա Նիկոլ Փաշինյանին մեկնել Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ հանդիպման։ Իր հերթին ոստիկանները ևս օդանավակայան տանող բոլոր ճանապարհները փակել էին՝ դժվարացնելով քաղաքացիների մոտենալը օդանավակայանի տարածքին:
Ընդդիմությունը հայտարարել է, որ այդ հանդիպման արդյունքները կարող են վերածվել «նոյեմբերի 9»–ի կապիտուլյացիայի շարունակության, իսկ "Հայաստանի ու Արցախի շահերի դեմ ընդունվող ցանկացած որոշում ճանաչվելու է ոչ լեգիտիմ, մերժվելու է հայ ժողովրդի կողմից, չի վավերացվելու ու չեղարկվելու է իշխանափոխությունից հետո"։
Կան բերման ենթարկվածներ: Մասնավորապես, հայտնի է, որ ոստիկանության կենտրոնական բաժին է տարվել "Հայրենիք" կուսակցության անդամ Արսեն Բաբայանը:
Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը կարողացել է ճեղքել բողոքի ակցիան ու մտնել օդանավակայանի տարածք:
VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր Մոսկվայում կայանալու է Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այցի շրջանակում վարչապետը նաև առանձնազրույց կունենա ՌԴ նախագահի հետ: