23.12.2025
Թումանյանն ու իրանցի նախարարը քննարկել են մի շարք ծրագրերի իրականացումը
29.10.2021
Թումանյանն ու իրանցի նախարարը քննարկել են մի շարք ծրագրերի իրականացումը

Հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ։ ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի, «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարական աշխատանքներին և «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքին առնչվող հարցեր։ Երկուստեք կարևորվել է նշյալ ծրագրերի իրականացումը։ Հայտնելով, որ ավարտին են մոտենում Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհի շինաշխատանքները, և ընդգծելով 2022թ-ից Հայաստանում մեկնարկվող ճանապարհաշինարարական մեծ ծրագրի մասին` դեսպան Թումանյանը կարևորել է իրանական ընկերությունների մասնակցության հնարավորությունը այդ ծրագրին։ Հանդիպման վերջում նախարար Ղասեմին, փոխանցելով իրանական կողմի համագործակցության պատրաստակամության մասին, շնորհակալություն է հայտնել դեսպան Թումանյանին կատարած աշխատանքի համար` հույս հայտնելով, որ ապագայում ևս կշարունակվի հայ-իրանական համագործակցությունը և կյանքի կկոչվեն նոր ծրագրեր։ Հիշեցնենք, որ Արտաշես Թումանյանը հետ է կանչվել Իրանում ՀՀ դեսպանի պաշտոնից ու Իրանում ՀՀ նոր դեսպան է նշանակվել Արսեն Ավագյանը։