29.09.2024
Ժողովուրդը խաղաղասեր է, բայց ստորացուցիչ պայմաններով խաղաղություն չի մուրալու. Սարգսյան
18.12.2021
Ժողովուրդը խաղաղասեր է, բայց ստորացուցիչ պայմաններով խաղաղություն չի մուրալու. Սարգսյան

Հայ ժողովուրդը խաղաղասեր է, բայց ստորացուցիչ պայմաններով խաղաղություն չի մուրալու, այլ հասնելու է արժանապատիվ խաղաղության: Այս մասին ՀՀԿ համագումարում հայտարարեց կուսակցության առաջնորդ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա ընդգծեց. "Թույլ չենք տալու հողատու դավաճաններին անվերջ շահարկել խաբված, հիասթափված, պարտությունից ընկճված ժողովրդի անունը՝ ապազգային և հակապետական որոշումներ կայացնելիս": Ըստ այդմ, ասաց Սարգսյանը, Հանրապետական կուսակցությունը, ինչպես իր գործունեության ամբողջ ընթացքում, երբ երկիրը վտանգի մեջ էր, առաջին շարքերում էր և այսօր էլ նույն տեղում է` դառնալով ներքին ու արտաքին թշնամու հիմնական թիրախը: "Խաղաղասեր է ձևանում մեկը, ով խաղաղության համար կռիվ չի տվել, չգիտի դրա գինը: Խաղաղասեր է ձևանում մեկը, ով պատերազմի բովով չի անցել, փոխարենը բերել է աղետալի պատերազմ մեր երկրի ու ժողովրդի գլխին: Թշնամին սուրը դրել է մեր վզին, հաղթանակից արբած՝ հիմա էլ ամբողջ Հայաստանն է ուզում, իսկ սրանք ծնկաչոք խաղաղություն են մուրում մեր զավակների դահիճներից, որ այս պահին էլ իրենց բանտերում խոշտանգում ու սպանում են հայ գերիներին` թքած ունենալով միջազգային իրավունքի և մարդկային բարոյականության բոլոր նորմերի վրա",- հավելեց նա: