11.02.2026
Բաքուն խոսում է ԼՂ-ում ադրբեջանական անձնագրեր բաժանելու մասին. ինչ է առաջարկում Երևանը
25.04.2023
Բաքուն խոսում է ԼՂ-ում ադրբեջանական անձնագրեր բաժանելու մասին. ինչ է առաջարկում Երևանը

ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանն ապրիլի 25-ին ընդունել են Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Լուկաս Ֆուրլասին: Հայաստանում առաջին անգամ գտնվող պատգամավորը եղել է Սյունիքի մարզում, տեղում ծանոթացել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու եւ միջանցքը պաշտոնապես արգելափակելու աշխատանքներին: Արման Եղոյանը նշել է, որ Ադրբեջանի այս քայլը միտված է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու եւ Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետեւողական իրագործմանը: Խորհրդարանականը նաեւ իրազեկել է եվրոպացի գործընկերոջը, որ ադրբեջանցի պաշտոնյաներն արդեն իսկ հրապարակայնորեն առաջարկում են ԼՂ բնակչությանը ստանալ ադրբեջանական անձնագրեր: Զրուցակիցները հրատապ են համարել Եվրոպական խորհրդարանում հարցի բարձրացման անհրաժեշտությունը: Պատգամավորները քննարկել են նաեւ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես, կարեւորվել է սահմանամերձ բնակավայրերում համատեղ վերականգնողական ծրագրերի իրականացումը: Հանդիպման ավարտին կողմերը խոսել են նաեւ հայ-կիպրական բարեկամության, երկու ժողովուրդների առջեւ ծառացած խնդիրների հաղթահարմանն ուղղված հարցերի վերաբերյալ: