4.10.2024
Գազի մատակարարման հարցով ռուս խաղաղապահների հետ աշխատելու է Վիտալի Բալասանյանը
24.03.2022
Գազի մատակարարման հարցով ռուս խաղաղապահների հետ աշխատելու է Վիտալի Բալասանյանը

Արցախի գազի մատակարարաման խնդիրների լուծման համար ռուս խաղաղապահ զորակազմի հետ աշխատելու և ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորությունները վերապահված են ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին: Ինչպես հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից, գազամատակարարման վերականգնման ուղղությամբ, ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ, ադրբեջանական կողմի հետ շարունակվում են բանակցությունները: “ԱՀ Կառավարությունը հետամուտ է հումանիտար այդ կարևորագույն խնդիրն օր առաջ լուծելուն և հավաստիացնում ենք, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները նաև դիվանագիտական հարթակում, որոնք, բնականաբար, հրապարակայնացման ենթակա չեն: Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական կողմի հարուցած խնդիրների լուծման նպատակով ԱՀ նախագահի հրամանագրով ռուս խաղաղապահ զորակազմի հետ աշխատելու և ադրբեջանական կողմի հետ բանակցություններ վարելու լիազորությունը վերապահված է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին: Միևնույն ժամանակ հորդորում ենք հանրային և քաղաքական գործիչներին պահպանել զսպվածություն, զերծ մնալ մանիպուլյատիվ գործողություններից ու հայտարարություններից”, - ասված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, մարտի 24-ի կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ադրբեջանի միջամտության հետևանքով Արցախը գազամատակարարումից զրկելուն, հայտարարել է, որ Ադրբեջանի գործողությունների արդյունքում Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին: Փաշինյանի խոսքով, Բաքուն խնդիր է դրել ամեն ինչ անել Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելու համար: VERELQ-ը հիշեցնում է, որ մարտի 21-ի երեկոյան Ադրբեջանի իշխանությունները կրկին խափանել են Արցախ գազամատակարարումը` շատ ցուրտ եղանակային պայմաններում բնակչությանը զրկելով ջեռուցման կարեւոր ռեսուրսից։ Արցախի ԱԳՆ-ն Ադրբեջանի պահվածքը որակել է հումանիտար ահաբեկչություն։ Մինչդեռ հաղորդվում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը հրամանատարի մակարդակով այս հարցով բանակցում է ադրբեջանական կողմի հետ։ Հայաստանի ԱԳՆ-ն, իր հերթին, հայտարարել է, որ ստեղծված իրավիճակը պահանջում է միջազգային հանրության հստակ արձագանքը՝ կանխելու հումանիտար ճգնաժամը, ինչպես նաև միջազգային մարդասիրական կազմակերպությունների անմիջական և անխոչընդոտ ներգրավումը Լեռնային Ղարաբաղում։