VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեւանի ավագանին այսօր առաջին նիստը կհրավիրի, որի օրակարգում քաղաքապետի ընտրությունն է։ Ենթադրվում էր, որ ոչ իշխանական 3 ուժերը՝ Անդրանիկ Թեւանյանի, Հայկ Մարությանի եւ Արտակ Գալստյան-Վարդան Ղուկասյան (Դոգ) զույգի, կմիավորվեն ու Երեւանում իշխանություն կձեւավորեն, սակայն չհաջողվեց։ ՔՊ-ն եւ իշխանության դուստր ձեռնարկություն «Հանրապետություն» կուսակցությունը` իր 32 մանդատով (65 մանդատից) իշխանություն կձեւավորեն Երեւանում, քանի որ նրանց հաջողվել է «Հանրային ձայն» կուսակցությանն իրենց կողմը գրավել։ Դոգը մի քանի չեմուչումից հետո հայտարարեց, որ չի աջակցելու ռոբասերժական կլանի՝ իշխանության գալուն։ Ավինյանը չէր ընտրվի, եւ կարող էին նոր ընտրություններ կայանալ, սակայն Դոգը հայտարարեց, որ դեմ է նաեւ նոր ընտրություններին, այսինքն` ո՛չ Հայկ Մարությանին է օգնելու՝ դառնալ քաղաքապետ, ո՛չ էլ բոյկոտելու է ավագանու առաջին նիստը, եւ կինոն, ինչպես ասում են, ավարտվեց։ Այսօր նրա կուսակցության անդամներից մեկը կամ մի քանիսը կմասնակցեն նիստին, քվորում կապահովեն, եւ Ավինյանը 27 ձայնով կընտրվի քաղաքապետ։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Քաղպայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունների միջեւ առեւտուրը թեպետ չի ավարտվել, բայց խոսվում է, որ ՔՊ-ին աջակցելու դիմաց՝ 3 թաղապետի, 1 փոխքաղաքապետի պաշտոն է հասնելու վերջինիս, ինչպես նաեւ՝ Երեւանի ենթակայությամբ գործող հիմնարկներում յուրայիններին աշխատանքի տեղավորելու հնարավորություններ։ Թեպետ ավելի վաղ խոսվում էր, որ փոխքաղաքապետի պաշտոնի հավակնորդն Արամ Սարգսյանի հավատարիմ զինակից Անի Խաչատրյանն է, սակայն ՔՊ-ում դեմ են նրա թեկնածությանը, եւ հնարավոր է այդ պաշտոնը հասնի ցուցակի 2-րդ համարին՝ Սարգիս Մադաթյանին։ Նա տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի՝ Խուճուճ Էդոյի եղբորորդին է, ժամանակին՝ Էրեբունու ընտրական «տասովշչիկներից»։ Հավանաբար, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը եւս ՔՊ-ն կզիջի «Հանրապետությանը»։ Բայց դեռ ոչինչ վերջնական չէ՝ քննարկվում է նաեւ փոխքաղաքապետի պաշտոնը ՔՊ-ին տալու տարբերակը, այդ դեպքում Մադաթյանն Էրեբունու թաղապետ կնշանակվի։ Բանակցությունների ընթացքում քննարկվել է նաեւ Մալաթա-Սեբաստիան եւ Արաբկիրը Զավենիչին հանձնելու հարցը, անգամ Մալաթիայի թաղապետի թեկնածուների անուններ են հնչել՝ Լեդի Հակոբի որդին կամ ԵԿՄ կենտրոն տարածքային կառույցի ղեկավար Ռոմիկ Խաչատրյանը։ «Հանրապետությունը», ըստ մեզ հասած լուրերի, նախընտրում է Կենտրոն, Նոր Նորք եւ Արաբկիր համայնքները։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանն ու Արցախը փրկիչների պակաս չունեն, բայց դեռ փրկություն էլ չկա. Արցախը հայաթափված է, Հայաստանի գլխին էլ բազում վտանգներ են կուտակված: Ժամանակ առ ժամանակ հայտնվում են գործիչներ, որոնք հավակնում են նորից փրկել բազմաչարչար մեր ժողովրդին: Ֆեյսբուքյան տիրույթում եւ մի քանի այլ սոցիալական հարթակներում այս տարվա հուլիսի 1-ից սկսել է ակտիվանալ ու գովազդել իր գործունեությունը Մհեր Ավետիսյան անունով գործարարը: Նա 1 օրում անգամ 4-5 վիդեո կոնտենտ է հրապարակում՝ սարքովի հարցազրույցների ձեւաչափով, որտեղ խոսում է ազգային հարցերից, փրկության գաղափարներից: «Անմահ Գունդ» միջազգային շարժման գլխավոր համակարգող ներկայացած Մհեր Ավետիսյանը մե՛կ լուսանկարներ է տեղադրում Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ, մե՛կ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հետ, ՌԴ կառավարության նախկին ղեկավար հարգելի Սերգեյ Ստեպաշինի հետ՝ տպավորություն ստեղծելով, թե մտերիմներ են, եւ հետաքրքիր հերթական զրույցներն է ծավալվում նրանց հետ:
Վերջերս էլ Սյունիքում Մհեր Ավետիսյանը Ռուսական գրքի տուն է հիմնադրել, ներկայանում էր իբրեւ ռուս-հայկական գործարար խորհրդի վարչության նախագահ։ Հոկտեմբերի 5-ին էլ գործարար Մհեր Ավետիսյանը բաց ֆորմատով քննարկման է հրավիրել ՀՀ բոլոր գործիչներին, կուսակցականներին՝ առանց նախկին եւ ներկա ղեկավարների: Նա հրավիրում է քննարկման հայկական պետականությունը պահպանելու թեմայով: Իսկ ո՞վ է Մհեր Ավետիսյանը: 2011թ. մամուլը գրել է. «ՌԴ «Ռենովա» ընկերության տնօրեն Գեորգի Իոսիֆյանն իր նամակում պատմում է, թե Կճոյանն ու նրա սանիկ՝ «Jose» ռեստորանային համալիրի սեփականատեր Մհեր Ավետիսյանն ինչպիսի ֆինանսական սխեմաներ են գծագրել, որպեսզի միլիոններ աշխատեն խաբեության եւ Հայաստանի հեղինակությունը խայտառակելու գնով:
Նրանք դա արել են ՀՀ վարչապետ, այն ժամանակ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի միջոցով: Հենց նրա ցուցումով է Կճոյանն ուղղակի բանակցությունների մեջ մտել բանկիրների հետ՝ նրանց գործունեության համար պահանջելով տարեկան 1 միլիոն ԱՄՆ դոլար: 2008թ. մայիսի վերջին հունիսի սկզբին Արարատյան թեմի առաջնորդ, եպիսկոպոս Նավասարդ Կճոյանի սանիկը՝ Մհեր Ավետիսյանը, հանդիպում է կազմակերպում ղազախական ԲՏԱ բանկի կառավարումն իրականացնողի ներկայացուցիչ Ռոման Սոլոդչենկոյի եւ Նավասարդ Կճոյանի միջեւ, որպեսզի Կճոյանը հաստատի այն տեղեկությունը, համաձայն որի՝ ՀՀ կենտրոնական բանկը, որի ղեկավարն այն ժամանակ Տիգրան Սարգսյանն էր, իբր, պահանջում է ԲՏԱ բանկի հայաստանյան մասնաճյուղից տարեկան 1 մլն դոլար՝ իբրեւ վճար ԿԲ լոյալության դիմաց»: Ու նույն Մհեր Ավետիսյանը հիմա խոստանում է ազնիվ ճանապարհով փրկել Հայաստանը: Ինչպե՞ս հավատալ նրա ազնվությանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը սկսել է առաջիկայում պաշտոններին հրաժեշտ տվող նախարարներին փոխարինող թեկնածուներ փնտրել: Դեռ մեկ ամիս առաջ գրել էինք, որ ավագանու ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը գործադիրում մաքրումներ է սկսելու. այն նախարարները, որոնք այս ընթացքում անգործություն են ցուցաբերել, հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին: «Անգործունյա» նախարարների թվում են ԱՆ նախարար Գրիգոր Մինասյանը, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ինչպես նաեւ սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանը: Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն արդեն այս նախարարներին փոխարինողների փնտրտուք է սկսել: Մեր տեղեկություններով՝ Փաշինյանն, օրինակ, Նարեկ Մկրտչյանին փոխարինող տեսնում է ՔՊ խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանին: Ընդգծենք, որ դեռ վերջնական որոշում կայացված չէ այս մասով, քննարկումների փուլում են: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գեւորգ Պապոյանն ասաց, որ իրեն նման առաջարկ չի արվել. «Ինձ հետ նման բան չի քննարկվել, ինձ նման բան չի առաջարկվել, ես ինձ խորհրդարանում շատ լավ եմ զգում եւ այստեղ շատ անելիքներ ունեմ, բայց, բնականաբար, ինչպես որոշի իմ քաղաքական թիմը եւ ղեկավարը»: Մնացածների մասով դեռ հստակեցումներ չկան:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբոր՝ Դավիթ Խաչատուրյանի նշանակումը կարծես թե սարերի ետեւում չէ։ Հիշեցնենք․ նրան պատրաստվում էին ԲԴԽ-ից տեղափոխել Վճռաբեկ դատարան՝ քրեական պալատ։ ԱԺ-ն առաջիկայում պետք է դատավոր ընտրի, եւ առաջադրված երեք թեկնածուներից մեկը Դավիթ Խաչատուրյանն է, ով 2021-ից ԲԴԽ անդամ է եւ հավակնում էր ԲԴԽ նախագահի պաշտոնին, սակայն վերեւներից «դաբրո» չստացավ, քանի որ ԲԴԽ գործուղվեց Կարեն Անդրեասյանը։ Ըստ մեր աղբյուրների՝ շուրջ 2 տարի Անդրեասյանի ու Խաչատուրյանի միջեւ լարված հարաբերություններ են, եւ պարբերաբար լուրեր են տարածվում, որ նա ազատման դիմում է գրելու։ Նշենք, որ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի թափուր պաշտոնի համար մյուս երկու թեկնածուներն են փաստաբան Անահիտ Հակոբյանը եւ Երեւանի առաջին ատյանի դատավոր Մանվել Շահվերդյանը։ Սրանք ձեւական առաջադրումներ են՝ օրենքը պահանջում է առնվազն 3 թեկնածուի առաջադրում, մյուս երկուսին համակարգում անվանում են պրավադնիկներ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի եւ Արցախի խնդիրների մասին խոսել չսիրող եւ խոսելուց խուսափող Վահագն Խաչատուրյանը շատ ակտիվ է այլ երկրներին ցավակցելու հարցում։ Երեկ էլ նա հերթական անգամ փայլել է եւ որոշել ցավակցել Իսրայելի եւ Պաղեստինի ժոզովրդին։ Նկատենք, որ նա ո՛չ Արցախի, ո՛չ ՀՀ ժողովրդին չի ցավակցել ողբերգական իրադարձությունների առիթով: Նախագահը Արցախի մասին շատ կցկտուր է խոսում։ Օրինակ՝ հոկտեմբերի վեցին նա այդ մասին խոսել է «Ֆրանս 24»-ի հետ հարցազրույցի ժամանակ առկա խնդիրների մասին դիտարկումների ընթացքում։ Մի առիթով չէ, որ գրել ենք՝ սեպտեմբերի 19-ից հետո Վահագն Խաչատուրյանը կորել էր ասպարեզից։ Նրան անգամ չէր անհանգստացնում Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակումը, այդքան զոհերը, բռնի տեղահանությունն ու Արցախի գոյության դադարումը։ Համենայնդեպս, ՀՀ նախագահի աշխատակազմի կայքում առկա տվյալներն այդ մասին են վկայում։ Հիմա էլ հանկարծ Վահագն Խաչատուրյանը որոշել է խոսել Արցախի մասին՝ ցավակցելով, սակայն, նաեւ այլ երկրներին։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Արցախից բռնի տեղահանվածներից մոտ 2 հազար անձ ժամանակավոր կացարան է ստացել Գորիսում, չնայած հաշվառումը դեռեւս շարունակվում է։ Առաջին օրերին որոշ ընտանիքներ՝ Սյունիքի սահմանամերձ լինելու պատճառով, լքել էին մարզը, հիմա նրանց մի մասը կրկին վերադառնում է Գորիս։ Սակայն մարզում շատերին տեղավորելու հնարավորություն չունեն, քանի որ Գորիսի բնակֆոնդը 2020-ի պատերազմից հետո, կարելի է ասել, ամբողջովին սպառվել է, եւ նոր տեղահանվածներին՝ մեծ ցանկության դեպքում էլ, հնարավոր չի լինի հիմնական կացարաններով ապահովել։ Հիմա արցախցիների մեծ մասը քաղաքի հյուրանոցներում է։ Թե ինչքան ժամանակ հյուրանոցների սեփականատերերը կհանդուրժեն փախստականներին, եւ որքան ժամանակ բիզնես օբյեկտները որպես սոցիալական կացարաններ կծառայեն՝ որքան կարող է պետությունը դոտացիա տրամադրել, քաղաքային իշխանությունները տեղյակ չեն։ Հատկապես ծանր է թոշակառուների վիճակը՝ պետության տրամադրած 40 հազարական դրամներով անգամ բնակարան վարձել չեն կարող, ուր մնաց՝ ապրել, իսկ առջեւում ձմեռ է։ Մեր աղբյուրի կարծիքով, նման սոցիալական խմբերին պետությունը պետք է անհատական մոտեցում ցուցաբերի։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավարին փոխկապակցված խոշոր շինարարական «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի դեմ Արարատի մարզի համայանքապետի կռիվը շարունակվում է: Բանն այն է, որ դատարանը մի քանի անգամ համայնքապետ Ասլան Ավետիսյանի դիմումները հետ է վերադարձրել եւ վարույթ չի ընդունել, սակայն գյուղապետը չի հանձնվել ու կրկին դատարան է դիմել, ինչի արդյունքում դատարանը օրերս որոշել է դիմումը վարույթ ընդունել: Չի բացառվում, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավարը իր նախկին կապերն է օգտագործում դատարանում, եւ ընկերության դեմ հայցերը վարույթ չեն ընդունվում: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ համայնքի ղեկավարները դատարաններ են դիմում՝ ընդդեմ ընկերության: Մասնավորապես, Արարատի մարզի Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ դատարանը ստիպի Արարատ համայնքի վարչական տարածքի գյուղ Նոյակերտ բնակավայրում գտնվող հողատարածքի մրցույթն անվավեր ճանաչել, «Համայնքի գյուղատնտեսական նշանակության հողամասերը մրցութային կարգով, 25 տարի ժամկետով, վարձակալության տրամադրելու մասին» 22.04.2019թ. որոշումը վերացնել, որպես հետեւանք՝ «Գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին» պայմանագիրը եւ դրա հիման վրա կատարված վարձակալության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչել:
Այսինքն՝ ինչ տվել են ընկերությանը, հետ են ուզում: Ի դեպ, հենց 2019 թվականի մայիսի 23-ին կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տվեց մի շարք ընկերությունների։ Այդ ընկերությունների ցանկում հատկապես ուշագրավ էր «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն, որը փոխկապակցված է Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանի հետ։ «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն զբաղվում է ավազի եւ խճի արդյունահանմամբ։ Ըստ կառավարության հիմնավորման՝ ընկերության կողմից ներմուծվող սարքավորումներն օգտագործվելու են հանքարդյունաբերության մեջ (Կոտայքի մարզ)։ Նկատենք, որ այս ընկերությունն առաջին անգամ չէ, որ արտոնություն է ստանում գործադիրից։ 2018 թ. հունվարի 25-ին «ՄԼ Մայնինգը» ստացել էր 2 մլրդ դրամի կամ 5 մլն դոլարի սարքավորումների ներմուծման մաքսատուրքի արտոնություն: Երկու արտոնություն էլ ստացել է 2017-ին՝ հունիսին եւ օգոստոսին։ «Ժողովուրդ» օրաթերթը դատական համակարգից էլ է ահազանգ ստացել, թե ինչ վիճակ է ստեղծել «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն Հակակոռուպցիոն դատարանի ճանապարհին, ու իրավիճակը շարունակում է մնալ նույնը. «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի մեքենաները տակնուվրա են արել դատարան տանող ճանապարհը:
«Փաստ» օրաթերթը գրում է. Շատերն են հասցրել նկատել, որ սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի՝ Արցախի վրա իրականացրած հարձակումը, ապա և Արցախի բռնի հայաթափումը փաշինյանական քարոզչամեքենան ամեն կերպ փորձում է կապակցել ԱՀ-ում նախագահի փոփոխության հետ: Իշխանական ու մերձիշխանական շրջանակներն այս օրերին ջանք չէին խնայում՝ տարածելու և հանրային ընկալման տիրույթում «մեխելու» համար մի թեզ, ըստ որի՝ Արցախում տեղի ունեցավ իշխանափոխություն, և այդ պատճառով Ադրբեջանը հարձակվեց: Ավելին, այդ հարձակման ծանրագույն հետևանքները ևս փաշինյանական շրջանակները ջանում են բարդել Արցախի՝ մի քանի օրվա նախագահի ու դեռ մի կարգին չվերաձևավորված կառավարության վրա: Բացի այն, որ նման քարոզչությունն ուղղակի մանիպուլյատիվ է և նպատակ ունի մեղքերն այլոց վրա բարդել ու Փաշինյանին պլստացնել պատասխանատվությունից, վերը նշված «թեզերը» ուղղակիորեն իրականության ու դեպքերի պատճառահետևանքային կապի խեղաթյուրում են, եթե ոչ՝ նենգախեղում: Առաջին անողոք փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, ապա դրանից հետո էլի մի քանի անգամ հայտարարել է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս: Դրանով Նիկոլ Փաշինյանը գործնականում ազատ է արձակել Ադրբեջանի, Ալիևի ձեռքերը, որ նա ազատ է Արցախի հայության դեմ իրականացնել ցանկացած գործողություն, այդ թվում՝ բլոկադա, էթնիկ զտում, ըստ էության՝ ցեղասպանություն, իսկ Հայաստանը դրան կարձագանքի առավելագույնը հայտարարություններով, կոչերով:
Ավելին, մյուս անողոք փաստն այն է, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ նրա իշխանության այլ ներկայացուցիչներ չշնորհավորեցին Սամվել Շահրամանյանին, երբ Արցախի ԱԺ-ն նրան ընտրեց նախագահ: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի իշխանության համար խստորեն անհանգստացող Թուրքիայի նախագահ Էրդողանը այդ օրերին ակնարկել էր, թե տեղյակ է, որ Հայաստանի իշխանությունը, ադրբեջանականի պես, անհանգստացած է Արցախում նոր նախագահ ընտրելու փաստից: Երկրորդի հետ փոխկապակցված մյուս անողոք փաստն այն է, որ չշնորհավորելով՝ Նիկոլ Փաշինյանը առավել քան պարզ ցույց տվեց, որ Հայաստանը ոչ մի կերպ, ոչ մի ձևով չի պաշտպանելու Արցախի հայությանը, ոչինչ չի ձեռնարկելու, մի խոսքով՝ ձեռքերը վերջնականապես է լվացել Արցախից և այնտեղի փոփոխությունների հետ որևէ կապ չունի, որքան, օրինակ՝ Ադրբեջանը: Ըստ փորձագետների, «չշնորհավորելը» Ալիևի համար յուրատեսակ «կանաչ լույս» էր, որ նա անպատիժ կարող է անել Արցախի ու Արցախի հայության հետ այն, ինչ կուզի, իսկ Հայաստանը կմնա դիտորդի դերում: Նա էլ արեց՝ անարգել սկսեց պատերազմել փոքրիկ և միայնակ մնացած պետության հետ, հայաթափեց հազարամյակներով հայկական ու հայերի համար բնօրրանային Արցախը:
«Փաստ» օրաթերթը գրում է. Հանրությունն առավել տեղեկացված է Լևոն Քոչարյանի վերաբերյալ շինծու քրեական գործից և ակնհայտ ապօրինի կալանավորումից, սակայն նույնիսկ այս կարճ ժամանակահատվածում արդեն իսկ առկա է խախտումների խումբ: Հայտնի է, որ Լևոն Քոչարյանն անազատության մեջ է 2023 թվականի սեպտեմբերի 22-ից: Ոստիկանները նույնիսկ կազմել են փաստաթուղթ, ըստ որի, Լևոն Քոչարյանն իբր ձերբակալվել է 11։55-ից, սակայն իրեն դրա մասին տեղեկացրել են միայն ուշ երեկոյան, երբ քննիչն այցելել է Լևոնին բժշկական կենտրոնում: Ըստ իրավաբանների, նշվածը հանդիսանում է ակնհայտ խախտում: Սեպտեմբերի 25-ից Լևոն Քոչարյանը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում, այն պայմաններում, երբ ստանալով անգամ միջին մարմնական վնասվածք, պետք է շարունակեր գտնվել բժշկական կենտրոնում, սակայն իրավապահները որոշել էին դա ևս անտեսել: Նշվածը ևս հանդիսանում է մարդու իրավունքի կոպտագույն խախտում: Առավել ուշագրավ է դատախազության վարքագիծը: Դատախազությունը, լինելով քննչական կոմիտեից անկախ մարմին, քաջատեղյակ լինելով գործում առկա տեսանյութերին, որոնցից հստակ երևում է՝ ինչպես են «տուժող» ոստիկանները Լևոն Քոչարյանին փաստացի խոշտանգում, գիտակցելով, որ այդ 4 ոստիկանները դեռևս նույնիսկ ոստիկանության ծառայությունից չեն մեկուսացվել, հանդիսանալով Ջհանգիրյանի գործով նախաձեռնող մարմին՝ ըստ որի, համանման իրավիճակում ոստիկանների ցուցմունքներով չի կարելի մարդուն հետապնդման ենթարկել, ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ պահանջելով մեկ ամսվա փոխարեն երկու ամսով կալանավորել Լևոն Քոչարյանին:
Նույն դատախազությունը խոշտանգման դեպքով, որն արձանագրվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից, որևէ գործողություն չի իրականացրել, քանի որ, չնայած նույն դեպքով Լևոն Քոչարյանը նաև տուժողի կարգավիճակ ունի, բայց ոստիկաններից ոչ մեկը կալանավորված չէ: Իրավաբանների գնահատմամբ, նշվածը հանդիսանում է օրենքի առջև բոլորի հավասարության և օբյեկտիվ քննության անտեսում: Առավել հետաքրքիր զարգացում է ստացել նաև վերաքննիչ քրեական դատարան ներկայացված բողոքների ընթացքը: 2023 թվականի սեպտեմբերի 27-ին ներկայացվում է վերաքննիչ բողոք, որի պայմաններում առաջին ատյանի դատարանն անհապաղ, որպես կանոն՝ երկու օրվա ընթացքում ուղարկում է գործի նյութերը վերաքննիչ քրեական դատարան, սակայն Լևոն Քոչարյանի գործով տեղի ունեցավ ևս մեկ ապօրինություն՝ գործի նյութերը ուղարկվել են դատարան 8 օր անց՝ մեկ ամիս կալանքի որոշման պայմաններում՝ դրանով իմաստազրկելով վերաքննության իրավունքը: Ավելին, բողոքները ոչ պատահականորեն, հենց ձեռքով մակագրմամբ՝ մակագրվում են Մհեր Արղամանյանին, որի որդին 2019 թվականին պահանջում էր, որ Ռոբերտ Քոչարյանը լինի կալանավորված, իսկ պահանջի արտահայտման միջոց օգտագործում էր թե՛ իր անձնական ֆեսյբուքյան էջը և թե՛ մասնակցում էր դատարանի դիմաց ցույցերին՝ նախապես պատրաստած պաստառներով: