ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամ Հասմիկ Հակոբյանը, եռօրյա աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետությունում է:
Ինչպես հայտնում են ՀՀ Ազգային ժողովից, հոկտեմբերի 9-ին Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Չեխիայի Հանրապետության Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Դրահոշին եւ խորհրդարանի Սենատի կրթության, գիտության, մշակույթի, մարդու իրավունքների եւ միջնորդագրերի հանձնաժողովի նախագահ Յիրժի Ռուժիչկային:
«Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդգծել է, որ Չեխիան Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկն է Եվրոպայում: Նա գոհունակությամբ արձանագրել է Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը եւ համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն հայտնել:
Հանդիպման ընթացքում հանգամանալից ներկայացվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, քննարկվել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ տարվող ագրեսիվ քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին պատշաճ աջակցության ցուցաբերումը:
Քննարկվել է նաեւ տարածաշրջանում տեւական խաղաղության հասնելու անհրաժեշտությունը:
Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Դրահոշը կարեւորել է միջխորհրդարանական շփումների ակտիվացումն ու ՀՀ ԱԺ պատվիրակության այցը Չեխիա: Նա նշել է, որ Չեխիայի Հանրապետությունն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, սկզբունքների պահպանմանը եւ մերժում տարածքային ամբողջականության որեւէ խախտում: Սենատի առաջին փոխնախագահը նաեւ նշել է, որ աջակցում է ՀՀ վերջին տարիների ժողովրդավարական բարեփոխումներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաեւ Չեխիայի Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Սկոպեչեկին:
Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Չեխիայի հետ դինամիկ զարգացող բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ վստահության եւ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: Երկկողմ օրակարգում նա անչափ կարեւորել է միջխորհրդարանական համագործակցությունը եւ միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնումն ու ամրապնդումը: Կողմերը խոսել են տարածաշրջանում տիրող իրավիճակից եւ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականությունից:
Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Սկոպեչեկը նշել է, որ հետեւում է տարածաշրջանում տիրող իրավիճակին՝ հավելելով, որ Չեխիայի Հանրապետությունը միշտ աջակից է հակամարտությունների խաղաղ լուծմանը:
Նշվում է, որ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարեկ Բենդայի եւ խմբի անդամների հետ հանդիպմանն էլ մեծապես կարեւորվել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ օրակարգի առաջմղման գործում: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը բարձր է գնահատել բարեկամական խմբերի դերը, որոնք կարեւոր օղակ են երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ: Հանդիպմանը քննարկվել են սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած հերթական լայնածավալ հարձակման մանրամասներն ու հետեւանքները:
Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ բանաձեւերի ընդունումը եւ համոզմունք հայտնել, որ չեխ գործընկերները կշարունակեն աջակցել հայ ժողովրդին եւ կնպաստեն ռազմագերիների վերադարձին:
Բարեկամական խմբի անդամները մտահոգություն են հայտնել տարածաշրջանում առկա մարտահրավերների վերաբերյալ, նշել, որ այսօր առավել քան երբեւէ պետք է մտածել հետագա համագործակցության մասին, որը կտարածվի բոլոր ուղղություններով: