Ո՞վ է սխալ` Փաշինյանը, թե Բագրատյանը. ըստ Բոստանջյանի` ԿԲ-ն ամենակայացած կառույցն է

Վերջին շրջանում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հանդես է գալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատի դիրքերից: Նախօրեին Փաշինյանի հերթական գրառումը պարոն Բագրատյանը ևս չանտեսեց` իր Facebook-յան էջում անդրադառնալով դրան ու նշելով, որ վարչապետը սխալ է:

Կիսո՞ւմ են արդյոք տնտեսագետները Հրանտ Բագրատյանի քննադատությունը: VERELQ-ը զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ:

-Պարոն Բոստանջյան, Նիկոլ Փաշինյանի` «թափ ենք հավաքում տնտեսական թռիչքի համար» գրառմանը Հրանտ Բագրատյանը երեկ տվել է կտրուկ պատասխան, միաժամանակ նշելով, որ Կենտրոնական բանկը չի գտնվում վարչապետի իրավասության ներքո: Բացի այդ, նաև ավելացրել է` «դրանք միշտ ստում են»: Ինչպե՞ս կմեկնաբանեք նախկին գործընկերոջ այս խոսքերը:

-Բագրատյանին ես համարում եմ ազատական տնտեսության համարձակ ռեֆորմատոր, ով ցանկացած կարգավիճակում իր վերլուծականներում ու գնահատականներում բարձրացրել է երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանն առնչվող խնդիրներ և մատնանշել է դրանց լուծման ուղիներ: Սակայն օբյեկտիվությունը պահանջում է միանշանակ պնդել, որ նոր հարաբերությունների ձևավորման անցած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում Կետրոնական բանկը, թերևս, ամենակայացած կառույցն է, որը հանդիսանում է ֆինանսական շուկայում և հանրապետությունում գների կայունությունն ապահովող կարևորագույն մարմին: Վերջինիս ձևավորումը սկսվել է դեռևս անցյալ դարի 90-ականների կեսերից և շարունակվում է մինչև օրս: Ի դեպ, այս կառույցի արդյունավետության մասին խոսում ենք ոչ միայն մենք, այլ նա միջազգային հեղինակավոր ֆինանսական կառույցները:

- Որո՞նք են Կենտրոնական բանկի արդյունավետության հիմնական բնութագրիչները:

- Առաջինն այն է, որ ֆինանսական շուկայի և գների կայունության ապահովման խնդրի լուծումը բացառապես իրականացվում է Կենտրոնական բանկի կողմից: Ի դեպ, տնտեսությունում նշված նպատակների լիարժեք իրագործումը կարող է տեղի ունենալ միայն հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների համակողմանի համակարգվածության պայմաններում: Սակայն այդ առումով հանրապետոթյունւմ դեռևս չի արձանագրված ցանկալի իրավիճակ, ինչի արդյունքում կայունության ապահովման առումով հիմնական ծանրաբեռնվածությունն ընկած է Կենտրոնական բանկի վրա:

Երկրորդ, հանրապետությունում արժութային շուկայում ներկայումս ձևավորված հարաբերական կայունությունը, ինչպես նաև փոխարժեքի կտրուկ տատանումների բացակայությունը, որոնք հանդիսանում են տնտեսական բնականոն գործունեության ապահովման կարևոր նախադրյալներ, հենց ՀՀ ԿԲ-ի գրագետ աշխատանքի արդյունք են: Չմոռանանք նաև, որ այսօր ՀՀ Կենտրոնական բանկի վրա է ընկած ֆինանսական շուկայի մյուս մասնակիցների ձևավորման և զարգացման համար համապատասխան ինստիտուցիոնալ միջավայրի ձևավորման «բեռը»: Կենտրոնական բանկի աշխատանքների արդյունավետության մասին են վկայում նաև հանրապետության վճարահաշվարկային համակարգի անխափան գործունեության ապահովումը, ինչպես նաև բանկային համակարգի ներկայիս կայուն վիճակը, որում կենտրոնցված է ֆինանսական ակտիվների շուրջ 90 տոկոսը:

- Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված Հրանտ Բագրատյանի պատասխանում ներայացված համեմատական վերլուծությունների վրա հիմված մտահոգությունը:

-Ամբողջ խնիրը կայանում նրանում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառման մեջ համեմատական վերլուծություն չի կատարված: Պարզապես արձանագրված և հիմնավորված է, որ հանրապետությունում չի գրանցվել ֆինանսական ռեսուրսների արտահոսք: Ավելին, տեղի է ունեցել ավանդների ավելացում, ինչը խոսում է տնտեսությունում առկա դրական միտումների մասին:


Լիա Խոջոյան

Տպել

Թեմայի այլ նորություններ