Հայաստանում իշխանափոխությունից հինգ ամիս անց Հայաստանը չի հաղթահարել քաղաքական ճգնաժամը: Դեկտեմբերին հնարավոր է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ այդպես է ծրագրում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց կհաջողվի՞ Հայաստանին վերջապես դուրս գալ ճգնաժամից: Այս հարցերի շուրջ ներկայացնում ենք հարցազրույց ռուս քաղաքագետ, ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինի հետ:
— Ինչպե՞ս եք գնահատում հայ-ռուսական հարաբերությունները վերջին քաղաքական զարգացումների ֆոնին: Բարձր մակարդակով Հայաստանում անընդհատ հայտարարում են, որ երկկողմ օրակարգը չի փոփոխվել, կիսո՞ւմ եք այդ տեսակետը:
— Հայաստանյան քաղաքականության մեջ ձևավորվել է պատային իրավիճակ: Ներկայումս հանրապետությունում հետևյալն է՝ վերադարձ նախկինին հնարավոր չէ (Սերժ Սարգսյանի ժամանակներին), բայց և շարժ դեպի առաջ, դեպի զարգացում ես չեմ տեսնում: Դա վերաբերում է նաև հայ-ռուսական հարաբերություններին:
Ռուսաստանը բազմիցս է թավշյա հեղափոխությունից հետո հայտարարել, որ իր դիրքորոշումը ՀՀ հանդեպ չի փոխվել: Եվ դա իսկապես այդպես է: Բավական է միայն նշել այն, որ այս կարճ ժամանակահատվածում Վլադիմիր Պուտինը երեք անգամ հանդիպել է Փաշինյանի հետ, առաջնորդները հեռախոսազրույցներ են ունեցել: Բայց ՀՀ վարչապետը, եթե ուշադիր հետևենք վերջինիս կադրային քաղաքականությանը, ակնհայտորեն երկիրը տանում է դեպի Արևմուտք:
Ռուսաստանը չի պահանջում Հայաստանից պռոռուսական քաղաքականության վարում, ուղղակի ուզում է հստակություն հարաբերություններում և, իհարկե, ՀՀ ղեկավարության կողմից բարեկամական մոտեցում: Բայց հստակություն չկա: Նոր իշխանությունները չեն էլ հաստատում այն, որ Ռուսաստանը Հայաստանի համար նախկինի պես հատուկ գործընկեր է: Մասնավորապես, մեզ չի կարող չանհանգստացնել Հայաստանի մերձեցումը ՆԱՏՕ-ի հետ, ինչպես նաև ՀՀ նոր իշխանությունների շփումների ակտիվացումը արևմտյան մի շարք երկրների և կազմակերպությունների հետ ի վնաս հայ-ռուսական համագործակցության:
-Ներքաղաքական անկայունությունը շատերը կապում են Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականության և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ ստեղծված իրավիճակով: Ինչպե՞ս կարող է այս ամենը ազդել հայ-ռուսական օրակարգի վրա:
— Կադրային քաղաքականության մասով ես արդեն նշեցի, բայց կարող եմ միայն ավելացնել նաև ստեղծված իրավիճակը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի անձձի շուրջ, որը մինչև այս պահը հարցեր է առաջացնում: Իսկ դա, ինչպես հասկանում եք, հայ-ռուսական հարաբերությունների կայունությանը լուրջ մարտահրավեր է:
Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ապա չեմ կարծում, թե դրանք ուղղակիորեն անկայունության հետ կապ ունեն: Հակառակը՝ ընտրությունները միտված են կայունացնելու իրավիճակը հասարակության շրջանում, քանի որ ցույց կտան Փաշինյանի և մյուս լիդերների ռեալ քաշը: Ի վերջո, ակնհայտ է, որ պարբերաբար ժողովրդին փողոց դուրս բերող ՀԿ-ները չեն արտացոլում ողջ Հայաստանը, իսկ ընտրությունները ցույց կտան քաղաքական բոլոր ուժերի հեղինակության իրական մակարդակը:
— Եթե ընտրությունները անցկացվեն դեկտեմբերին, ի՞նչ դա կփոխի ներքաղաքական դաշտում: Ի վերջո ակնհայտ է, որ որոշ քաղաքական ուժեր չեն պատրաստվում հանձնվել առանց պայքարի: Ի՞նչ է սպասվում Հայաստանին առաջիկա ամիսներին:
— Այն, որ Փաշինյանը ուզում է ընտրություններն անցկացնել դեկտեմբերին, խախտում է քաղաքական ուժերի միջև առկա ոչ հրապարակային համաձայնությունները: Բոլորը լավ գիտակցում են, թե ինչու նա որոշեց արագացնել այս գործընթացը: Խնդիրը նրանում է, որ իր վարկանիշը սկսում է նվազել, այդ իսկ պատճառով Փաշինյանը շտապում է: Բայց պետք չէ նրան դրա համար կշտամբել՝ նա ուղղակի ցանկանում է հաղթել, ինչպես և բոլորը:
Կարելի է կանխատեսել, որ Փաշինյանը իր դիրքորոշումը կամրագրի գործողություններով, առավել ևս, որ հստակ է, որ նրա թիկունքում կանգնած ուժերը պատրաստ են գնալ վա-բանկ և ցրել ԱԺ-ն: Այնպես, ինչպես դա եղավ 1993-ին ՌԴ-ում:
— ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում մեղադրանք է առաջադրված, իր հարցազրույցում հայտարարեց, որ Հայաստանում բռնապետ է հայտնվել: Դուք համաձա՞յն եք այս որակման հետ:
— Ոչ այդքան: Կարծում եմ, որ դժվար թե Նիկոլ Փաշինյանը դառնա բռնապետ, քանի որ չի տիրապետում լիազորությունների ողջ շրջանակին: Հայաստանի քաղաքական դաշտի որոշ սեգմենտներ (օրինակ Ղարաբաղը և ազդեցիկ սփյուռքը) չեն ենթարկվում իրեն ու դժվար էլ ենթարկվեն մոտ ապագայում: Մի շարք ՀԿ-ներ ու երիտասարդության զգալի մասը ավելի շատ նայում է դեպի Արևմուտք, քան հայրենի կառավարությանը, ինչպես նաև ընդդիմության զգալի մասը չի ընդունում Փաշինյանին, որպես առաջնորդ, քանի որ գտնում է, որ նա իշխանության եկավ ոչ լեգիտիմ ճանապարհով:
Այլ խնդիր է, որ Փաշինյանի կառավարման ոճը վկայում է, որ ինքը կողմնակից է միանձնյա կառավարման: Ակնհայտ է, որ Փաշինյանը թիմային խաղացող չէ:
Նշեմ նաև այն հանգամանքը, որ ժողովրդավարությունը Հայաստանում առաջիկա տարիներին վտանգված է լինելու, ընդդիմադիր ուժերը հետապնդվելու են: Դա են ուզում նրանք, որ բերեցին Փաշինյանին իշխանության, և չեմ կարծում, թե վերջինս նրանց ցանկություն կունենա հակադրվել: Ի վերջո, կարծում եմ Փաշինյանին դուրս է գալիս «լիբերալ բռնապետի» դերը: Այսինքն, նա լիովին կարող է դառնալ Լևոն Տեր-Պետրոսյան, բայց Պինոչետ չի դառնա:
— Ըստ առկա տրամադրությունների, Փաշինյանը ընտրությունների կգնա իր կուսակցությունով, դուրս թողնելով համակիրներ համարվող Էդմոն Մարուքյանին, Արամ Սարգսյանին, որոնք ապրիլի սկզբին չաջակցեցին նրա գործողություններին: Ո՞ւր կարող է բերել Փաշինյանին միանձնյա այս խաղը:
— Դուք հաստատում եք իմ տեսակետը, որ Փաշինյանը հակված է միանձնյա կառավարման: Նա մտադիր չէ կիսել իր հաջողությունը ո՛չ նախկին, ո՛չ էլ նոր գործընկերների հետ: Ամեն դեպքում՝ դեռ: Իսկ սա խոսում է այն մասին, որ իրեն շատ դժվար կլինի պահել հեղինակությունը ժողովրդի շրջանում: Ի վերջո, սա սպառնում է շատ թշնամիներ ձեռք բերել հայաստանյանի էլիտաներում: Բայց մենք նաև հասկանում ենք, որ Հայաստանում շատ մեծ է արևմտյան ազդեցությունը, իսկ նրանք կարող են Փաշինյանին պահել երկրի ղեկավարի պաշտոնում դեռ շատ երկար:
— Սերժ Սարգսյանը շարունակում է մնալ Հանրապետական կուսակցության նախագահ, Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց քաղաքականություն վերադարձի մասին: ԱԺ-ում աղմկահարույց օրինագծի քվեարկությունից, դրա ֆոնին նախարարների և մարզպետների հրաժարականից հետո թվում էր, թե Գագիկ Ծառուկյանը կվերադառնա ընդդիմություն, սակայն դրա փոխարեն հուշագիր ստորագրվեց Փաշինյանին աջակցելու մասով: Տեսնո՞ւմ եք այս բոլոր ուժերին ապագա խորհրդարանում, թե հնարավորություն կա այս անգամ ամբողջովին փոխել քաղաքական դաշտի տեսքը:
— Հայաստանի քաղաքական ներկապնակը ամբողջությամբ փոխել հնարավոր չէ: Այո, Փաշինյանի ու նրա կողմնակիցների դիրքերը շատ ավելի կամրապնդվեն, ԱԺ-ում կհայտնվեն բոլորովին նոր ու երիտասարդ դեմքեր, բայց, օրինակ, «Բարգավաճ Հայաստանը» լավ շանսեր ունի: Կարծում եմ, որ խորհրդարանում կհայտնվի նաև Ռոբերտ Քոչարյանը՝ եթե, իհարկե, նա լուրջ տրամադրվել է պայքարի:
Հարցականի տակ է ՀՀԿ-ի ապագան, քանի որ, առաջին հերթին, այն շարունակում է գլխավորել Սերժ Սարգսյանը: Իսկ սա ամենալուրջ հանգամանքն է, որ կխոչընդոտի հանրապետականներին իրականացնել անհրաժեշտ ռեբրենդինգը և զգալի արդյունք արձանագրել առաջիկա ընտրություններին:
Լիա Խոջոյան