Փաշինյանին աջակցող քաղաքական ուժերը կհայտնվեն ապագա ԱԺ-ում

Ազգային Ժողովի մի շարք պատգամավորներ, այդ թվում նրանք, ովքեր ներկայացնում են Հանրապետական խմբակցությունը, կողմ են արտահայտվել ԱԺ-ի ցրմանն ու դեկտեմբերին խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Փաստորեն, ՀՀԿ-ում սկսվել է ներքին պառակտման գործընթաց` խմբակցության մի մասը դեմ է հանդես գալիս դեկտեմբերին ընտրությունների անցկացմանը, իսկ անհատ պատգամավորներ հակառակ տեսակետը հայտնում:


Հնարավոր է, որ ՀՀԿ մի մասը հասկանալով, որ ԱԺ-ի նոր ընտրություններն այլընտրանք չունեն և ստանալով իշխանություններից որոշակի երաշխիքներ` բիզնեսի անձեռնմխելիության, հնարավոր է նաև ապագա ԱԺ-ում տեղեր ունենալու առումով, չեն ցանկանում դեմ գնալ հասարակության զգալի մասի տրամադրություններին ու հանրային մեծ աջակցություն վայելող Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը:


ՀՀԿ-ի մի հատվածի որոշման վրա ազդել է նաև Փաշինյան-Ծառուկյան հանդիպումն ու այն պայմանավորվածությունը, որ ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրի և, ըստ էության, կողմ է դեկտեմբերին ԱԺ ընտրությունների անցկացմանը:


Փաստորեն, հաշվի առնելով որոշակի խմորումները ներքաղաքական դաշտում, կարելի է հանգել այն եզրակացության, որ ապագա ԱԺ-ում ներկայացված են լինելու այսօր այդ խորհրդարանում ներկա ուժերը, սակայն տարբեր հարաբերակցությամբ:

ՀՀԿ-ի մեծամասնությանը կփոխարինի ՔՊ-ն ու Փաշինյանի թիմը, երկրորդ համարը կարող է լինել ԲՀԿ-ն` հաշվի առնելով մարզերում այդ կուսակցության դիրքերը, Գագիկ Ծառուկյանի ճանաչելիության մակարդակն ու ֆինանսա-վարչական ռեսուրսները, հնարավոր է նաև ՀՅԴ-ն` դեկտեմբերին անցկացվելիք ընտրություններին կողմ լինելու և Փաշինյանի վարչապետական թեկնածության օգտին արտահայտվելու պարագայում: Չմոռանանք, որ ՀՅԴ-ն ունի կայուն էլեկտորատ Հայաստանում:


Ինչ վերաբերվում է ՀՀԿ-ին, ապա հնարավոր է այդ կուսակցության ռեբրենդինգի արդյունքում ու օդիոզ ֆիգուրներից մաքրվելու պարագայում նրանք նույնպես ավելի համեստ կազմով, կորցնելով մեծամասնությունը, բայց տեղ գտնեն ապագա խորհրդարանում: ՀՀԿ-ն ունի ազդեցության լծակներ մարզերում և Երևանում և կարող է հավակնել ինչ-որ մասնակցության ապագա խորհրդարանում: Հակառակ պարագայում այդ կուսակցությունը դուրս է մնալու ապագա քաղաքական զարգացումներից ու թուլացած ու կազմաքանդված վիճակում կհայտնվի արտախորհրդարանական ընդդիմության դերում:


Կարևոր է հասկանալ նաև Սասնա Ծռեր կուսակցության դերը, ի վերջո, նրանց անդամներն ազատության մեջ են հայտնվել Նիկոլ Փաշինյանի շնորհիվ ու արդեն իսկ հայտարարել են, որ կանգնած են լինելու հեղափոխության առաջնորդի ու գործող վարչապետի կողքին: Սասնա Ծռերն ունեն աջակիցներ և իրական շանսեր հայտնվելու ապագա ԱԺ-ում` հաշվի առնելով դրա անդամների ղարաբաղյան պատերազմին մասնակցության, ժողովրդի կողմից ճանաչված լինելու ու նախկին իշխանությունների հետ չհամագործակցելու ու հալածված լինելու հանգամանքը:


Սասնա Ծռերը, սակայն, իրենց հակառուսական հայտարարություններով ու ծրագրով, որը ենթադրում է երկրից լ ռուսական ռազմաբազան դուրս բերելը ու ՌԴ-ի ազդեցության նվազեցումը ՀՀ-ի վրա, կարող են վանել էլեկտորատի այն հատվածին, ովքեր կողմ են ՌԴ-ՀՀ սերտ հարաբերությունների պահպանմանն ու հասկանում են ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի ու ՌԴ-ի կարևորությունը` Հայաստանի ազգային անվտանգության, տնտեսական կայունության համար:


Այլ քաղաքական ուժերը, ինչպես ցույց տվեցին Երևանի ավագանու ընտրությունները, չեն վայելում հանրության շրջանում այն աջակցությունը, որ շանսեր ունենան հայտնվելու ապագա ԱԺ-ում. ավագանու ընտրություններում նրանք ցածր տոկոս հավաքեցին, թեև Ախորհրդարանական ընտրություններն իրենց կարգավիճակով ու կարևորությամբ տարբերվում են Երևանի քաղաքապետի ընտրություններից:


Հանրության մոտ էյֆորիկ տրամադրությունների ու Փաշինյանի հանրային մեծ աջակցության պայմաններում ապագա ԱԺ-ում տեղ են գտնելու այն ուժերը, ովքեր կաջակցեն և կկանգնեն Նիկոլ Փաշինյանի կողքին, հակառակ պարագայում նրանք կհայտնվեն արտախորհրդարանական ուժերի կարգավիճակում ու քաղաքական կարևոր իրադարձություններից դուրս:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ