Օր 3-րդ. Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է
Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության. ահա այս կարգախոսով պայքարը Տավուշի մարզից՝ Կիրանցից տեղափոխվում է Երևան:
Շաբաթ օրը Բագրատ սրբազանը հայտարարեց՝ շարժումը տեղափոխվում է Երևան, մեկնարկում է քայլերթ, մայիսի 9-ին կլինեն Երևանում: Երկու օրում, չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, Տավուշից շարժման մասնակիցները քայլերթով հասան Սևան: Երթը բազմամարդ է, մարդիկ միանում են:
«Սա պարզ ազգային, հոգևոր ընկալումներով ապրող մարդկանց շարժում է, չունի որևէ գունավորում: Երեկ ամբողջ օրը շարժումը վատաբանողներին եմ ասում` խելոք պահեք ձեզ, ձեզ համար էլ է այս շարժումը, ձեզ էլ է ազատագրելու կապանքներից:
Մեր շարժումը ճշմարտության մասին է, լայն հասարակական շերտերի հաշտության մասին է, վախերի վերացման մասին է:
Մեր իղձերն ու երազները պետք է ավելի մեծ լինեն, քան մեր կյանքը: Չենք կարող սահմանափակված լինել մեր փոքր կյանքի օրերի մեջ»,- հայտարարեց Բագրատ սրբազանը:
Այսօր երթը կշարունակվի Սևանի թերակղզու խաչմերուկից: