Նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել Սիսիանի անչափահաս բնակիչը
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պայթյունի հետևանքով Սիսիան համայնքի 14–ամյա անչափահաս բնակչի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, նշելով, որ 2024 թ․ մայիսի 1–ին ժամը 14։08–ին, «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ–ից ահազանգ է ստացվել այն մասին, որ անհայտ առարկայի պայթյունի հետևանքով ստացած տարբեր մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Սիսիան համայնքի 14–ամյա բնակիչը։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 335–րդ հոդվածի 1–ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախնական տվյալներով՝ նույն օրը ժամը 11։40–ի սահմաններում, հիշյալ անչափահասը իրենց տան տանիքից գտել է հանգուցյալ պապի կողմից դեռևս 1991թ․ ԼՂ-ի տարածքից բերված նռնակի պայթուցիչը, տեղափոխել ավտոտնակի մոտ և, չհասկանալով, թե ինչ է, ցանկացել է հանել պայթուցիչի օղակը։ Արդյունքում՝ տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով 14–ամյա տղան ստացել է մարմնական վնասվածքներ։
Վարույթի շրջանակներում նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և վերցվել է նռնակի պայթուցիչի լծակ և պայթուցիչի հարվածական մեխանիզմ՝ դանդաղեցուցիչով։
ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնին հանձնարարություն է տրվել՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է։