Ուզում եմ ներողություն խնդրել բոլորիցդ․ Արա Վարդանյանի հրաժարականը

347

Արա Վարդանյանը հրաժարական է ներկայացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնից՝ քաջ գիտակցելով, որ իր հետագա պաշտոնավարումը կվնասի Համահայկական հիմնադրամի հեղինակությանը: Դա «անձամբ ինձ համար անթույլատրելի է»,- գրում է Վարդանյանն իր հաղորդագրությունում, որ այսօր տարածել է «Հայաստան» հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը:


«Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ համազգային վստահությունը և բարի համբավը վեր է ամեն ինչից, որևէ անհատի վարքից ու նախասիրություններից: Ես այս գիտակցումով եմ 9 տարի ղեկավարել համայն հայության ներուժը միավորող ամենախոշոր կառույցը: Խորը ցավ եմ ապրում, որ ակամայից ստվերվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի անունը:


Սիրելի ժողովուրդ, ուզում եմ ներողություն խնդրել բոլորիցդ, Հիմնադրամի բոլոր նվիրատուներից` մեծ ու փոքր, թոշակառու և խոշոր բարերար, աշխարհասփյուռ տեղական մարմինների ներկայացուցիչներից, Հիմնադրամի բոլոր նվիրյալներից: Հիմնադրամի բոլոր հանգանակություններն ունեցե´լ են և ունե´ն իրենց հասցեագրված նշանակությունը, այն է` մեր հայրենիքի շենացումը, Արցախում և Հայաստանում դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների, ճանապարհների, տների, մշակութային օջախների կառուցումն ու վերակառուցումը: Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ և Արցախի Հանրապետության իշխանություններին սերտ համագործակցության, իսկ բոլոր բարերարներին ու նվիրատուներին՝ մեր հայրենիքի շենացման գործում գործուն մասնակցություն ունենալու համար», - գրում է Արա Վարդանյանը:


«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը նախագահ Արմեն Սարգսյանին հրաժարականի դիմում է ներկայացրել երեկ, այն ենթակա է Հոգաբարձուների խորհրդի անդամներին հաստատմանը:


Նախագահ Արմեն Սարգսյանը, որպես Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ի գիտություն է ընդունել Արա Վարդանյանի հրաժարականի դիմումը:


Ըստ սահմանված կարգի՝ դիմումը կուղարկվի Հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ հաստատման համար, որից հետո կստեղծվի հատուկ հանձնաժողով, որը մրցութային կարգով պետք է ընտրի Հիմնադրամի նոր գործադիր տնօրեն:


Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հուլիսի 2-ին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման էր ենթարկվել«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը: Վերջինս սեփական հայեցողությամբ տնօրինել էր հիմնադրամի բանկային քարտը, միայն 1 շաբաթվա ընթացքում նա այդ քարտից մոտ 14 միլիոն ՀՀ դրամ էր փոխանցել օնլայն խաղատներին, իսկ 2016-ից 2018 թվականներն ընկած ժամանակահատվածում այդ գումարը կազմել էր շուրջ 130 000 000 մլն ՀՀ դրամ:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...