22.11.2024
ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացների խորացումը նպաստել է ՀՀ տնտեսության զարգացմանը. Մանասերյան
prev Նախորդ նորություն

«Ծառուկյան» խմբակցությունը կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը. Գագիկ Ծառուկյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը կողմ կքվեարկի Արմեն Սարգսյանի թեկնածությանը: Այս մասին այսօր հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Ըստ Ծառուկյանի` որոշումը կայացվել է, քանի որ երկրի առջև ծառացած մի շարք խնդիրների վերաբերյալ իրենց և Արմեն Սարգսյանի տեսակետները համընկնում են.

«Ճանաչում եմ Արմեն Սարգսյանին, նրա մոտեցումներն ու պատրաստակամությունը ծանոթ են: Այսօր նա ասում է այն, ինչը մեր նպատակն ու ցանկությունն է` արտագաղթը դադարի, ներգաղթ լինի, մարդիկ վերադառնան, երկիր ներդրումներ արվեն և այլն»,- «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ հանդիպմանը հայտարարեց նա:

Գագիկ Ծառուկյանը նշեց, որ Արմեն Սարգսյանն ունի հեղինակություն ու հարգանք և մնում է, որ կարողանա այն պահել: Իսկ դրա համար նաև պետք է տալ հնարավորություն Սարգսյանին իր խոստումները կյանքի կոչել:

Նշենք, որ խմբակցության պատգամավորների հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է նաև մեկ այլ խնդրի, որ վերջին օրերին շրջանառության մեջ էր դրվել որոշ ԶԼՄ-ների կողմից: Խոսքը իր խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանի անվան շուրջ ասեկոսեներին է վերաբերում, համաձայն որոնց` Իվետա Տոնոյանին կպարտադրեն վայր դնել մանդատը, քանի որ «Գագիկ Ծառուկյանը նրանից դժգոհ է»: Լուրը դեռ այդ օրը VERELQ-ի հետ զրույցում   հերքել էին ոչ միայն համանուն խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, այլև հենց ինքը` Տոնոյանը: Իսկ այսօր արդեն խնդրին անդրադարձավ անձամբ Գագիկ Ծառուկյանը` ընդգծելով, որ բոլորին է ցանկանում ունենալ այն նվիրվածությունն ու հավատարմությունը, որ ունի իր խոսնակը.

«Ես կցանկանայի, որ շատերն իրենց նվիրվածությամբ, աշխատասիրությամբ և հավատարմությամբ նմանվեին Իվետային»,-ասել է Ծառուկյանը՝ հավելելով, որ նա ոչ թե ազատվել է աշխատանքից, այլ հակառակը՝ ստացել է շատ ավելի լայն լիազորություններ: