Նախարար. Հայաստանը չի հրաժարվել խաղաղությունից՝ տարածաշրջանն այլ ապագա չունի

236

Մենք չենք հրաժարվում խաղաղությունից, մենք խաղաղության մեծագույն ջատագովներից են, քանի որ մեր տարածաշրջանն այլ ապագա չունի: «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը որևէ ձևով չեն ավելացնում բանակում ծառայողների թիվը: Այս մասին լրագրողների հետ ասուլիսում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:


Նրա խոսքով, այն մտավախությունները, թե ծրագրերը միտված են զինծայառողների թվի  ավելացմանը և Հայաստանը գնում է ռազմականացման ուղղությամբ՝ հրաժարվելով խաղաղությունից, իրականությանը չեն համապատասխանում, քանզի պարզապես նույն զորակոչային տարիքի ծառայողներին այլընտրանքներ են առաջարկվում.


«Մենք չենք պատրաստվում փոխել այսօր գործող մոդելը, պարզապես մարդուն ընտրության հնարավորություն ենք տալիս: Գտնու ենք, որ Զինված ուժերի նկատմամբ հանրության վստահության աճը կապված է նաև նրանով, որ քաղաքացին ինքը կարողանա որոշում կայացնի իր ծառայության հետ կապված»,- ասաց նախարարը:


Վիգեն Սարգսյանը վստահեցրեց՝ իրավունքի փոփոխություն կամ բեռի ավելացում այս երկու ծրագրերը չեն ենթադրում, ուղղակի զորակոչային ռեսուրսներն ավելի արդյունավետ կկառավարվեն: 


Նշենք, նախօրեին ՊՆ-ն ներկայացրեց երկու ծրագիր, որոնք քննարկման փուլում են: «Պատիվ ունեմ» ծրագրի հիմքում է հայկական բանակը բանիմաց և հմուտ սպայակազմով համալրելու նպատակը:


«Ես եմ» ծրագիրը ենթադրում է, որ ծառայությունը կտևի 3 տարի, սակայն դրանցից գումարային 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ: Յուրաքանչյուր անգամ արձակուրդ գնալիս նրան կվճարվի որոշակի գումար` արձակուրդային ծախսերը հոգալու համար: Ծառայության ավարտին նրա անձնական հաշվին կփոխանցվի մոտ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրից մեկում`


1. մատչելի բնակարան (սուբսիդավորված հիփոթեքային ծրագիր),


2. մինի-ֆերմա (գյուղաբնակ զինծառայողների համար փոքր ջերմոց կամ ֆերմա ստեղծելու կամ փոքր գյուղտեխնիկա ձեռք բերելու ծրագիր),


3. ուսման վարձի փոխհատուցում:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ