24.11.2024
Փաշինյանի ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը
prev Նախորդ նորություն

Գերիների հարցով կակտիվանան․ ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Վերջին օրերին Ռուբեն Վարդանյանի եւ Բաքվի բանտում մոտ 7 ամիս պահվող հայ գերիների ազատության համար միջոցառումներ են իրականացվում: Առաջիկայում էլ են պլանավորում։ Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են: Նրանց գերեվարումից հետո մի շարք ՀԿ-ներ, անհատներ ցանկացել են ակտիվ աշխատել՝ խնդիրը բարձրացնել միջազգային ատյաններում, սակայն մասամբ ՀՀ իշխանությունների, մասամբ գերիների ընտանիքների խնդրանքով ձեռնպահ են մնացել, իբրեւ թե չվնասելու համար, իբրեւ ՀՀ իշխանությունը զբաղվում է։ Երեկ՝ ապրիլի 24-ին, Վարդանյանի թիմը նախաձեռնել էր երթ՝ իրենց զորակցությունը հայտնելով հայ գերիներին: Նախորդ օրը մոտ 3 տասնյակ ՀԿ-ներ նամակ էին հասցեագրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգգերին ՝ խնդրելով «վճռական քայլեր ձեռնարկել Ռուբեն Վարդանյանի առողջական խնդիրների լուծման համար»: Երեկ էլ գործարարի որդին էր հարցազրույց տվել CNN-ին` Քրիստիան Ամանպուրին։ Ասել է, որ երկար ժամանակ լուր չեն ունեցել հորից, շաբաթ օրը նա կապվել է քրոջ հետ եւ ասել, որ իրեն մեկուսացրել են եւ օրվա մեջ միայն ճնշումն են չափում:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուսումնասիրելով Գուրգեն Արսենյանի «Միավորված աշխատանքային կուսակցության» 2023թ. հաշվետվությունը՝ տեսնում ենք դատարկ սյունակներ, զրո դրամի շարժ եւ նմանատիպ այլ չլրացված թղթեր։ Միայն փաստաթղթի առաջին էջում նկատվում է կուսակցության 1180 աշխատակցի մասին տեղեկություն, որով էլ, եթե հանկարծ Արսենյանը մի օր դառնա ՔՊ-ին ընդդիմադիր, իշխանությունը անմիջապես վարույթ կհարուցի` պարզելու, թե 1180 աշխատակիցը ո՞նց կարող էին չվարձատրվել։ Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել։ Կարելի է փաստել, որ Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը, այնուամենայնիվ, նախկինների ժամանակ էր»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունը օրերս պաշտոնապես հայտնեց, որ Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Արմեն Մուրադյանը փոխադրվել է Տավուշի մարզի դատախազի պաշտոնին: ArmLur.am-ին հայտնի էր դարձել, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի քրեական գործով մեղադրող դատախազ Արմեն Մուրադյանը նշանակվել է Տավուշի մարզի դատախազ: «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե ինչ ունեցվածք էր հայտարարագրել Մուրադյանը՝ Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնում պաշտոնավարելու ընթացքում։


Այսպիսով՝ 2021 թվականին նա ձեռք է բերել բնակարան Երեւանի Արաբկիր վարչական շրջանում. այլ անշարժ գույք դատախազը չի հայտարարագրել։ Հայտարարագրում առկա տվյալներից հասկանում ենք, որ 2018 թվականին Մուրադյանը ձեռք է բերել 2015 թվականի արտադրության Toyota մակնիշի մեքենա։ Մուրադյանի բանկային հաշիվների մնացորդները, 2022 թվականի հայտարարագրի համաձայն, կազմել են 734 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 4 մլն 200 հազար դրամ։ Արմեն Մուրադյանը 2022 թվականին ունեցել է 13 մլն դրամ եկամուտ, որից 11 մլն 367 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Դատախազությունից, իսկ 2 մլն 318 հազար դրամը՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից։ Նրա՝ ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 41 մլն 563 հազար դրամ, որը բազմաբնակարան շենքում ձեռք բերված բնակարանի հիփոթեք է։


Կարող ենք եզրակացնել, որ ՊԵԿ-ից ստացած եկամուտը «եկամտահարկի վերադարձի» օրենքով ստացված գումարն է՝ հիփոթեքի մայր գումարը մարելու համար։ Նշենք, որ Մուրադյանը հատկապես աչքի ընկավ 2022 թվականին, երբ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում Գլխավոր դատախազության մոտ՝ պահանջելով պատասխանատվության կանչել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. դատախազ Մուրադյանը անձամբ էր իջել ծնողների հետ հանդիպման»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը եւս հրապարակել է մի զեկույց, որում, ինչպես Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, դատապարտել է դատական համակարգում ճնշումները եւ թափանցիկության պակասը։ 2024 թվականի ապրիլի 22-ին հրապարակված զեկույցում մասնավորապես ասվում է. «Արդարադատության նախարարության կողմից գործերը կարգապահական վարույթ են ընդունվել ԲԴԽ ներկայացնելու վերաբերյալ որոշումների կայացման գործընթացում: Նմանատիպ թափանցիկության պակաս եւ հասարակական վերահսկողություն չկար դատավորների ինքնակառավարման մարմնի՝ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հանձնաժողովի որոշումների նկատմամբ: Իրավապաշտպանները զեկուցել են, որ արդարադատության նախարարության եւ ՍԴ-ի միջեւ համագործակցությունը՝ կարգապահական վարույթների վերաբերյալ, ավելի է խաթարում դատական իշխանության անկախությունը գործադիր իշխանությունից: Հունվարի 30-ին ԲԴԽ-ն դատավոր Մնացական Մարտիրոսյանին, որին անկախ փորձագետները հրապարակայնորեն մեղադրում էին քաղաքական դրդապատճառներով վճիռներ կայացնելու մեջ, առաջին ատյանի քրեական դատարանի նախագահ նշանակվեց (60 դատավորի նկատմամբ հսկողություն իրականացնող):


Հունիսի 2-ին Եվրոպական դատավորների ասոցիացիան «զգալի անհանգստություն» հայտնեց SJC-ի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի չարաշահման առնչությամբ՝ որպես միջոց՝ կանխելու նրանց հրապարակայնորեն արտահայտել իրենց տեսակետները դատական համակարգի գործունեության վերաբերյալ: Ասոցիացիան նաեւ մտահոգությամբ նշեց, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու արդարադատության նախարարի իրավասությունը «վտանգ է ներկայացնում դատական պաշտոն զբաղեցնողների անկախության համար»: Հիշեցնենք, որ Freedom House-ը իր՝ 2024 թվականի զեկույցում անդրադարձել էր այն նրան, որ «անկախ դատական համակարգ» հարցով մեր երկիրը ստացել է ընդամենը 1 բալ` 4 հնարավորից: Նույն վիճակը «քրեական եւ քաղաքացիական գործերով օրինական գործընթացի ապահովում» ցուցանիշով է՝ 1 բալ 4-ից: Այս պատկերը երկու հեղինակավոր կազմակերպությունների կողմից պատահական չէ, քանի որ դեռ ամիսներ առաջ ArmLur.am-ը գրել էր, որ դատական համակարգը լքում են դատավորներ, որոնց հեռացման պատճառը խոր արմատներ ունի։ Մասնավորապես՝ մեկ ամսվա ընթացքում 4 դատավոր լքեց համակարգը, պատճառը «ջրի երես» դուրս եկած գրագրությունն էր, որտեղ դատավորները ներքին քննարկումներ են ունեցել, հայհոյանքներ են հնչեցրել իշխանության հասցեին։ Այս իրավիճակն է դատական համակարգում, որը, աստիճանապար, անցնելով բոլոր սահմանները՝ դառնում է ընտրովի արդարադատություն իշխանության կողմից»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»… ժողովրդական այս ասացվածքն այսօր, ավելի քան երբեւէ, արդիական է, հատկապես՝ ՔՊ-ի դեպքում: Երեկ Ծիծեռնակաբերդում վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, եւ նրանց կրտսեր դստերը տհաճ դիմավորելն ու ընդունելությունը իրարանցում էր առաջացրել իշխող թիմում: Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել, իսկ որոշ պատգամավորներ՝ քծնել Աննա Հակոբյանին ու դատապարտել տեղի ունեցած միջադեպը՝ որակելով այն անարգանք: Մանկահասակ երեխայի ներկայությամբ ցանկացած նման արարք, անխոս, դատապարտելի է. բայց, թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը եւ նրանց միտը բերել, որ երեկվա դեպքը իրենց՝ դեռեւս 2018թ.-ին ցանած «սերմերի» ծիլերն են: Թերեւս փաստ է, որ մարդկանց ընտանիքներ թիրախավորելու արատավոր բարքը հասարակական դաշտ բերել են «թավշյահեղափոխականները»՝ Փաշինյանի գլխավորությամբ. երբ դագաղներով եւ ծաղկեպսակներով գնում էին մարդկանց տներ, կամ անվանական սեւ ժապավեններ էին կապում նրանց բնակարանների մոտ:


Հիշենք ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի դստեր՝ Նարե Շարմազանովայի դիմում-նամակը, որտեղ նա վրդովված դիմել էր թավշյահեղափոխականներին, եւ խնդրել էր դադարեցնել իր հոր նկատմամբ անվայելուչ պահվածքն ու վիրավորական արտահայտությունները: Բացի այս դեպքից, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին նույն թավշյահեղափոխականները թիրախավորեցին, երբ վերջինս իր թոռան հետ զբոսնում էր Ազատության հրապարակում: Ի վերջո, չմոռանանք նաեւ, որ ինչպես Ծիծեռնակաբերդը, այնպես էլ Եռաբլուրը հենց ՔՊ-ականներն ու նրանց աջակիցներն են բազմիցս վերածել քաղաքական հարթակի, երբ, իրենց ղեկավարին, սրբություն համարվող այս վայրերում, դիմավորում էին «Նիկոլ վարչապետ» վանկարկումներով եւ ծափահարություններով: Այս ամենից հետո ՔՊ-ականները, թերեւս, երեկվա դեպքից դժգոհելու տեղ չունեն. ինչ ցանել են, այն էլ հնձում են»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ժամանակին Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» եւ տնտեսական թեմաներով լրագրող Հայկ Գեւորգյանը, ով հետագայում ՔՊ-ական պատգամավոր դարձավ, իսկ հիմա գյուղատնտեսական աշխատանքներով է զբաղվում, սիրելի թեմաներ ունեին: Մեկն աշխարհի շատ երկրներում հաջողած ֆրանսիական «Քարֆուր» հիպերմարկետների ցանցի` Հայաստան մտնելու թեման էր: Գրում էին, որ «Քարֆուրի» մտնելը տնտեսական հեղափոխություն է լինելու, մյուս ցանցերն այդ մրցակցությանը չեն դիմանալու, որ այն նոր կուլտուրա կբերի իր հետ, եւ իշխանություններին ամենօրյա ռեժիմով ձաղկում էին, թե ինչու է ուշանում «Քարֆուրի» մուտքը: «Քարֆուրը» եկավ` հեղափոխություն չեղավ, իսկ օրերս էլ տեղեկացանք, որ ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից: Ցանցի ֆրանչայզինգը մնում է, բայց ֆրանսիացի սեփականատերերն այն վաճառել են հայերի եւ հեռանում են Հայաստանից: Մեզ ասացին, որ գնորդը նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանն է: Սակայն վերջինս հերքեց` ինքը չէ գնորդը, այլ իր գործընկերոջ փեսայի եղբայրը՝ մոսկվաբնակ մի հայ գործարար: Հակոբյանը հրաժարվեց հայտնել այդ գործընկերոջ կամ նրա փեսայի անունը՝ ասելով, թե չգիտի․ «Չեմ ճանաչում, չգիտեմ անունը: Ես լսել եմ, չգիտեմ` ճիշտ է, թե սուտ»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այն, որ պարեկային ծառայության կողմից տուգանված քաղաքացիները դիմում են դատարան ու անհիմն տուգանքների համար արդարություն պահանջում, գաղտնիք չէ, եւ հաղթանակները բավականին հաճախ են կրկնվում. իսկ դատարան ներկայացված հարցերին թիվ ու սահման չկա: Այս իրավիճակին զուգահեռ, սակայն, ստեղծվել է նաեւ այն պատկերը, որ քաղաքացիները դատի են տալիս ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանին անձամբ, եւ հաղթում են դատարանում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:


Անանյանը դատարանում հայտնել է, որ ինքը տրանսպորտային միջոցը վարելիս ամրակապված էր անվտանգության ամրագոտիով եւ համաձայն չի եղել իրեն արձանագրված իրավախախտման փաստին, իսկ պարեկային ծառայության տեսուչը իրավախախտման փաստը հավաստող որեւէ ապացույց չէր ներկայացրել իրեն եւ մի բան էլ նշանակել էր տուգանք՝ 10.000 ՀՀ դրամի չափով: Արդյունքում՝ դատավորը 2024 թվականի ապրիլի 16-ին վճռել է Մուսայել Անանյանի հայցը բավարարել՝ անվավեր ճանաչելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության 27.07.2023 թվականի վարչական իրավախախտման գործով որոշումները: ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունից հօգուտ Մուսայել Միքայելի Անանյանի բռնագանձվել է 4.000 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Հավելենք, որ պարեկային ծառայությունը վերածվել է նախկին «գայիշնիկների» ինստիտուտի, երբ մարդկանց համատարած բռնում եւ տուգանում են՝ կարծես պլան կատարելիս լինեն. բայց այդ վիճակագրությանը կանդրադառնանք հաջորդիվ»:


«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը դեռ չէին մարսել Freedom House-ի զեկույցն այն մասին, որ Հայաստանում 2023-ին ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է՝ 2,50 ից հասնելով 2,25-ի, ինչպես նաև նույն իրավապաշտպան կազմակերպության «մտահոգությունը Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով», երբ հերթական ապտակն եկավ Արևմուտքից: ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ Հայաստանի կառավարության կողմից խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի մասին արժանահավատ տեղեկություններ են ստացել, երկրում շարունակվել են կամայական ձերբակալություններն ու կալանքները, լրջագույն խնդիրներ կան դատական իշխանության անկախության հետ կապված։ ԱՄՆ Պետդեպարտամենտը նշում է, որ Հայաստանում իրավապահների չարաշահումների հին ու նոր դեպքերի անպատժելիությունը շարունակվում է:


Բաժին է հասել նաև դատական համակարգին: Նշվում է, որ չեն վերացել դժգոհությունները դատավորների գործունեության հետ կապված, զեկույցը շեշտում է, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթները կիրառվել են ընտրովի, թափանցիկության պակաս կա այդ հարցով Արդարադատության նախարարության որոշումների կայացման գործընթացում։ Ըստ զեկույցի հեղինակների, հետաքննող լրագրողները պարբերաբար հայտնում են պետական գնումների համակարգում առկա խնդիրների, այդ թվում՝ մեկ անձից արված գնումների համատարած գործելաոճի, ինչպես նաև պետական պատվերներ ստացող ընկերությունների և բարձրաստիճան պետական պաշտոնյաների միջև կապերի մասին: Մի խոսքով, 2018 թվականից հետո աննախադեպ է, որ Արևմուտքն իր «զավակին» այս կարգի ապտակներ հասցնի:


Այն, որ Freedom House-ի ու Պետդեպի զեկույցները ներկայացնում են Նիկոլ Փաշինյանի իշխանության խայտառակությունների ընդամենը մի փոքր մասը, այսինքն՝ շատ բաների վրա նույնիսկ աչք փակել, ակնհայտ է, դա չի էլ քննարկվում: Բայց թե ինչու հանկարծ Արևմուտքը որոշեց գոնե մի քիչ նայել իրականության աչքերին, կարող է լինել մի քանի տարբերակ, այդ թվում՝ նախազգուշացում Նիկոլ Փաշինյանին, կամ ժողովրդավարության նահանջի մեծ ծավալների պարագայում լրիվ աչք փակելու անհնարինություն, կամ էլ, որ պակաս հավանական չէ, գուցե Արևմուտքն էլ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից: