Օսկանյան․ Փաշինյանի վերարտադրումը կարող է տնտեսական կոլապսի բերել
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անփորձությունը Հայաստանը կանգնեցրել է լուրջ աշխարհաքաղաքական մարտահրավերների և անվտանգային սպառնալիքների առաջ։ Այս մասին նա ասել է սոցցանցերում հրապարակված տեսաուղերձում։
Օսկանյանի գնահատմամբ՝ Փաշինյանը չի կարողանում հավասարակշռված քաղաքականություն վարել տարբեր ուժային կենտրոնների միջև։ Որպես օրինակ նախկին նախարարը հիշեցրել է Մոսկվայում ՌԴ նախագահի հետ հանդիպումը՝ նշելով, որ վարչապետը ԵԱՏՄ-ԵՄ հարաբերությունների թեմայով տվել է «սխալ» պատասխան։
«Նույնիսկ 7-րդ դասարանի աշակերտը նման պատասխան չէր տա։ Փաշինյանը դիվանագիտությունից շատ հեռու մարդ է, այս տարիների ընթացքում էլ ոչինչ չի սովորել»,- ասել է Օսկանյանը։
Նրա խոսքով՝ վերջին տարիների բոլոր ծանր հետևանքները պայմանավորված են նրանով, որ երկընտրանքի առաջ կանգնելիս իշխանությունները մշտապես սխալ որոշումներ են կայացրել։ Չնայած Հայաստանում անցկացված եվրոպական գագաթնաժողովներին ու տարբեր միջոցառումներին՝ Օսկանյանը պնդում է, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները բովանդակային առումով վերջին երեք տասնամյակների ամենաթույլ փուլում են։
Նախկին արտգործնախարարը զուգահեռներ է անցկացրել իր պաշտոնավարման շրջանի հետ՝ նշելով, որ այդ տարիներին Հայաստանը միաժամանակ զարգացնում էր հարաբերությունները Եվրամիության, ՆԱՏՕ-ի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և այլ գործընկերների հետ՝ առանց հարաբերությունները սրելու։ Նրա խոսքով՝ նախորդ տարիներին ավելի մեծ հնարավորություններ կային նաև վիզաների ազատականացման և CEPA համաձայնագրի շրջանակում համագործակցության խորացման համար։
Օսկանյանը նաև մեղադրել է գործող իշխանություններին կենսաչափական անձնագրերի գործընթացը ձախողելու մեջ՝ պնդելով, որ դրա հետևանքով տարիներով հետաձգվել է վիզաների ազատականացման գործընթացը։ Նրա գնահատմամբ՝ իրական գործընկերությանը փոխարինել է «շոուն», ինչը միայն խորացրել է լարվածությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում։
Անդրադառնալով իշխանությունների այն թեզին, թե իրենց հեռանալուց հետո պատերազմ կլինի, Օսկանյանը դա անվանել է «բացարձակ սուտ»։ Նրա խոսքով՝ սեփական ժողովրդին նման սպառնալիքներով վախեցնելը պետք է քրեորեն պատժելի լինի։ Միաժամանակ նա կանխատեսել է տնտեսական ծանր ճգնաժամ՝ Փաշինյանի վերարտադրման դեպքում։