Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդական Հանրապետության դեսպան Թուֆիկ Ջուամայը։
Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում։
«Մեզ համար Ձեր նշանակումը շատ կարևոր է։ Ընդհանրապես ոչ ռեզիդենտ դեսպանների ներկայությունը ցանկացած երկու երկրների հարաբերություններում, իհարկե, կարևոր է։ Վստահ եմ, որ Ձեր նշանակումը, ինչպես նաև Ձեր երկրում մեր դեսպանի նշանակումը, ավելի կակտիվացնեն Հայաստանի և Ալժիրի հարաբերությունները։
Հայաստանն առանձնահատուկ հարաբերություններ ունի Ալժիրի և արաբալեզու երկրների հետ։
Մեր տնտեսական և նաև քաղաքական ներուժը մեծ է իրար հետ համագործակցելու, համատեղ ծրագրեր իրականացնելու առումով»,-Վահագն Խաչատուրյանի խոսքերն է մեջբերված ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։
Դեսպան Թուֆիկ Ջուամայը շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար՝ նշելով, որ իր ջանքերը կներդնի Հայաստանի և Ալժիրի ժողովուրդների միջև բարեկամության առավել ամրապնդման, փոխվստահության խորացման և երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայնման ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին և երկկողմ համագործակցության ակտիվացման հնարավորություններին։ Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կրթության, տուրիզմի և առողջապահության ոլորտներում առկա համագործակցային ներուժի արդյունավետ իրացմանն առնչվող հարցեր։ Այդ համատեքստում ընդգծվել է գիտելիքահենք տնտեսության զարգացման, նորարարական լուծումների խթանման, փորձի փոխանակման և մասնագիտական կապերի ընդլայնման կարևորությունը։
Հանդիպմանը շեշտվել է նաև կրթական և գիտական հաստատությունների միջև համագործակցության խորացումը, համատեղ ծրագրերի իրականացումը, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտում փոխադարձ հետաքրքրության աճին նպաստող նախաձեռնությունների խրախուսումը։ Անդրադարձ է կատարվել առողջապահության բնագավառում փորձի փոխանակման և մասնագիտական համագործակցության ընդլայնման հնարավորություններին։
Հանդիպման ընթացքում կարևորվել է միջազգային կազմակերպությունների և բազմակողմ հարթակների շրջանակում արդյունավետ փոխգործակցության շարունակական զարգացումը։ Կողմերը շեշտել են նաև բարձրաստիճան և տարբեր մակարդակներում փոխայցելությունների կազմակերպման կարևորությունը՝ որպես քաղաքական երկխոսության ակտիվացման և երկկողմ հարաբերությունների հետագա խորացման կարևոր նախադրյալ։