Մամուլ. Սիրիական ճգնաժամի խորացումը կշեղի գերտերությունների ուշադրությունը Ղարաբաղից

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին կուլիսներում զբաղված են ԱԺ պաշտոնների՝ նախագահի, փոխնախագահների, մշտական հանձնաժողովների նախագահների պորտֆելների «բաշխմամբ»։ ԱԺ փոխնախագահի 3 պորտֆելներից մեկը, բնականաբար, ՀՀԿ-ինն է. տրվում է էդուարդ Շարմազանովի անունը, մյուսը՝ ԲՀԿ-ինը՝ Իշխան Զաքարյան, որպես ընդդիմություն։ Եվ, որքան էլ տարօրինակ է, որպես բարի կամքի արտահայտություն, 3-րդ պորտֆելն ուզում են տալ կոալիցիոն գործընկեր Դաշնակցությանը, չնայած այս քվեների պարագայում ՀՀԿ-ն անգամ կոալիցիա կազմելու անհրաժեշտությունը չունի։ Քննարկվում են մի քանի թեկնածություններ՝ Արմենուհի Կյուրեղյանի (որպես գենդերի դրսեւորում), Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի անունները։ Այդ պարագայում կմնա բնապահպանության պորտֆելը ՀՅԴ-ին, թե ոչ՝ դեռ պարզ չէ, սակայն նեղ միջավայրում Արծվիկ Մինասյանն ասել է, որ ինքը մնում է նախարար»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, 6-րդ գումարման Ազգային ժողովում գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է նշանակվելու Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Վերջինս հիմա ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահն է: Իսկ գիտության եւ կրթության հարցերի մշտական հանձնաժողովի գործող նախագահ Արտակ Դավթյանը շուտով հրաժեշտ կտա այդ պաշտոնին ու նոր պաշտոն կստանա: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարել է, որ նա ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ միասին շուտով հավանաբար կգործուղվի պաշտպանության նախարարություն, որպես փոխնախարար: Արտակ Դավթյանն այդ գերատեսչությունում կհամակարգի կրթության ոլորտը, իսկ Արտակ Զաքարյանը՝ արտաքին կապերը: Վերջինս ՊՆ-ում կզբաղեցնի նախկին փոխնախարար Դավիթ Տոնոյանի տեղը, որն արդեն արտակարգ իրավիճակների նախարարն է: Իսկ հիմա պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդամենը երկու տեղակալ ունի՝ Արա Նազարյանն ու Դավիթ Փափախչյանը»:


«168 ժամ» թերթը գրում է. «ԱՄՆ-ը ու Ռուսաստանը մշտապես կայուն աշխատում են Արցախի հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Միակ հնարավոր բացասական ազդեցությունն այն է, որ ուշադրությունն այս տարածաշրջանից պակասի եւ տեղի ունենա այն, ինչ անցյալ տարի, կրկին միջազգային համայնքի անուշադրության հետեւանքով։ Գոնե այս հարցով զբաղվող դիվանագետները չպետք է կորցնեն բանակցային թելը՝ անընդհատ աշխատելով կողմերի հետ հանդիպումներ կազմակերպելու ուղղությամբ։ Ռուս-ամերիկյան ներկայիս լարվածությունը հաղթահարելու համար գերտերություններից լուրջ դիվանագիտական ջանքեր են պահանջվելու, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ այլ հակամարտությունների ուղղությամբ նրանց ուշադրության վրա»,- «168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել գերմանացի վերլուծաբան Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով ռուս-ամերիկյան լարվածության հնարավոր ազդեցությանը ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակի վրա։ Իսկ թուրք վերլուծաբան Չենգիզ Աքթարի խոսքով՝ ստեղծված իրավիճակից կարող է փորձել օգտվել միայն Ադրբեջանը, որը հստակ նպատակներ է հետապնդում այս հակամարտությունում։ «Կողմերը, հատկապես՝ Հայաստանը, այս դեպքում պետք է զգոն լինեն, քանի որ դրա բացակայության դեպքում Ադրբեջանը կարող է իրավիճակից օգտվել այնպես, ինչպես ռուս-թուրքական սրման դեպքում։ Անցյալ տարվա ապրիլից առաջ եւս որեւէ մեկը չէր սպասում, որ կլինի պատերազմ, որ կլինեն պատերազմով շահագրգռված կողմեր, բայց եղան։ Զգոնությունը երբեք չի կարելի կորցնել»,- ասել է թուրք վերլուծաբանը։ Վերջինս չի կարծում, որ Ռուսաստանը կփորձարկի Թրամփին Ղարաբաղյան գոտում, քանի որ Ռուսաստանն արդեն իսկ սկսել է նահանջի քաղաքականությունը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը երեկ «Փաստի» հարցին ի պատասխան չհստակեցրեց՝ իրեն առաջարկ եղե՞լ է Արդարադատության խորհրդի փոխարեն ստեղծվելիք բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնել, թե՞ ոչ. «Էդպիսի լուրեր պարբերաբար մամուլում գրում են, վերաբերվեք փիլիսոփայորեն»: Նշենք, որ մամուլում լուր էր տպագրվել, որ ընտրություններից հետո հաջորդ փուլը նեղացածներին, դուրս մնացածներին, չընտրվածներին տեղավորելն է, ու այդ կոնտեքստում Գագիկ Ջհանգիրյանին հնարավոր է Արդարադատության խորհրդի փոխարեն ստեղծվելիք բարձրագույն դատական խորհրդի նախագահ նշանակեն: Նոր Սահմանադրությամբ ստեղծվող այս մարմնի ձևավորմանը մասնակցելու են թե՛ դատավորները, թե՛ Ազգային ժողովը, այն ունենալու է լիազորությունների լայն շրջանակ»:


«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից: Պատճառը ընտրությունների ժամանակ չհանձնած քննությունն է: Աշոտ Ղահրամանյանը ընտրությունների ժամանակ պաշտպանում էր ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Ալիկ Պետրոսյանին՝ Մապի Ալիկին, ով իր հավաքած ձայներով երրորդ տեղում էր՝ Նահապետ Գեւորգյանից ու Սեյրան Սարոյանից հետո: Աշոտ Ղահրամանյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը ոչ մի բանից տեղյակ չէ, իրեն ոչ ոք ոչ մի բան չի ասել: Անդրադառնալով ընտրություններին արձանագրած ցուցանիշներին եւ այդ հիմքի վրա իր ազատմանը, մարզպետը նշեց, որ արվել է առավելագույնը: Մեծամասնության քվեն ստացել են, դրանից լավ արդյունք չէր կարող լինել: Մարզպետի պաշտոնին հրաժեշտ կտա նաեւ Գեղարքունիքի մարզպետը՝ Ռաֆիկ Գրիգորյանը: Նա գնում է ԱԺ՝ զբաղվելու պատգամավորական աշխատանքով: Մնացած մարզպետերը, այդ թվում եւ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը մնալու են իրենց տեղերում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն, ոգեւորված ԱԺ ընտրություններում «խփած» տոկոսներից, որոշել է, որ «50+»-ը Երեւանի քաղաքապետի ընտրություններում քիչ է, պետք է շատ բարձր տոկոսով հաղթի այստեղ եւս` ապացուցելով, որ մայրաքաղաքում շատ հզոր է: Հաշվարկը հետեւյալն է. իրենց ռեսուրսին գումարվելու են «Ծառուկյան դաշինքի» ձայները, մյուս ընդդիմադիրները` ՕՐՕ-ն, «Ազատ դեմոկրատները», Նիկոլին ու Զառային ձայն չեն տալու, «Նիկոլն ու Զառան իրար կհագնեն, ինչն արդեն սկսել են, դրանով եւս մեր գործը կհեշտանա, եւ կունենանք 62-63 տոկոս ձայն»,- ասացին ՀՀԿ-ից: Հիշեցնենք, որ Երեւանի նախորդ ընտրություններում ՀՀԿ-ն «խփել» էր 57 տոկոս»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայտնի սփյուռքահայերի խումբը, ինչպես եւ խոստացել էր, խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ժամանեց Հայաստան: Սերժ Թանկյան, Ատոմ Էգոյան, Արսինե Խանջյան եռյակը իրենց ընկերների հետ միասին քվեարկության օրը անցկացրեցին հանրապետության տարբեր ընտրատեղամասերում, ինչ-որ բաներ ֆիքսեցին, ինչ-որ բաներ չֆիքսեցին, քվեարկության հաջորդ օրը ասուլիսում թեթեւակի գնահատեցին ընտրությունների արդյունքները եւ մեկնեցին Արցախ: Բայց ի՞նչ կապ ուներ այդ այցը ընտրությունների հետ եւ ի՞նչ տեղի ունեցավ իրականում, այդպես էլ անհասկանալի մնաց:


Ի սկզբանե «Արդարություն Հայաստանին» խորագրով ստորագրահավաք նախաձեռնվեց change.org միջազգային պորտալում: Շուրջ 5000 ստորագրություն հավաքվեց: Նախաձեռնողները որոշել էին Հայաստանում արդարությունը վերականգնելու ալիք ստեղծել, որը իր տրամաբանական հանգրվանին կհասներ ապրիլի 2-ի ընտրության ժամանակ: Արսինե Խանջյանի, ինչպես նաեւ Թանկյանի խոսքում հաճախ էր հանդիպում փողոցային պայքարի, ժողովրդի կողքին կանգնելու մասին արտահայտություններ: Խորհրդարանական ընտրությունների համատեքստում հետընտրական, ինչպես նաեւ նախընտրական ցնցումների մասին խոսում էր միայն ՕՐՕ դաշինքը: Այստեղ չէին էլ թաքցնում, որ պատրաստվում են փողոցային պայքարի: Ի՞նչ կապ ուներ սփյուռքահայերի ակտիվությունը սույն դաշինքի գործողությունների հետ, այդպես էլ պարզ չդարձավ: Թեեւ Վարդան Օսկանյանի անձնական հարաբերությունները հաշվի առնելով, շատերը չէին բացառում, որ ՕՐՕ-ի եւ «Արդարություն Հայաստանին» շարժման միջեւ ուղիղ կապ կա:


Եթե դա այդպես է, ուրեմն գործ ունեինք նախապես կազմված շատ ավելի մասշտաբային պլանի հետ, որտեղ յուրաքանչյուրն իր դերակատարումը պետք է ունենար: Օրինակ` Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական մասը պետք է «ծածկեին», Սամվել Բաբայանն ու մյուս բոլոր ազատամարտիկները`ռազմական մասը, իսկ սփյուռքից ժամանած հայտնի դեմքերը ժողովրդական ալիքը պետք է կառավարեին կամ հնարավոր սրացումների ժամանակ ժողովրդի եւ զինված ուժերի միջեւ բուֆերային գոտի ծառայեին: Արդյոք իրականում նման ծրագիր եղե՞լ է, թե՞ ոչ, դժվար է ասել, սակայն սփյուռքից ժամանած հյուրերի հետապրիլերկուսյան պահվածքը առնվազն տարօրինակ է: Ի՞նչ իմաստ ուներ ամիսներ շարունակ բարձրագոչ հայտարարություններ անել Հայաստանում արդարությունը վերականգնելու, փողոցային պայքարի, կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտության մասին, իսկ ապրիլի 3-ի մեկնել Արցախ` երգել, պարել, ուրախանալ:


Ընտրություններն ավարտվեցին, սփյուռքահայերի խումբը եկավ էլ, գնաց էլ, բայց այդպես էլ Հայաստանում արդարության պայքարը չերեւաց: Չենք պնդում, սակայն շատ հեռավոր նշաններ կան, որ Թանկյանենց խմբի պայքարի ոգին նույնպես Սամվել Բաբայանի ձերբակալությամբ կոտրվեց: Սա, ինչ խոսք, չի նշանակում, որ նրանք նախապես տեղյակ են եղել հավանական արյունալի սցենարների մասին: Հակառակը, ավելի հավանական է, որ արդեն Երեւանում գտնվելու ժամանակ նրանց շատ խնամքով ներկայացվել է, թե ակամայից ինչ մեծ ծրագրի մաս են կազմել, որից հետո կտրուկ փոխվել է խմբի վերաբերմունքն ու պահվածքը հայաստանյան ներքաղաքական զարգացումների վերաբերյալ»:

Տպել

Թեմայի այլ նորություններ