ԱՄՆ-ի կողմից Սիրիայի ռմբակոծությունից հետո ամերիկա-ռուսական հարաբերություններում Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց նշմարվող դրական զարգացումները մի քանի տարով հետ շպրտվեցին: Այս մասին մեկնաբանելով վերջերս Սիրիայի շուրջ իրադարձությունների համատեքսում ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ծագած խնդիրները՝ հայտարարեց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը:
Նրա կարծիքով, այն, ինչ այժմ կատարվում է կարելի «սառը պատերազմ» որակել: «Հիմա սառը պատերազմի մեջ ենք, սակայն անձամբ չեմ կարծում, որ ստեղծված իրավիճակը կվերածվի համաշխարհային պատերազմի: Այնուամենայնիվ իրավիճակը սրված է, և դա առաջին հերթին կանդրադառնա Սիրիայի հիմնախնդրի վրա», - ասաց նա՝ հավելելով, որ Սիրիայի գործընթացի հետագա զարգացումներին Ասադը չի մասնակցելու: «Այստեղ այնպիսի գործոններ աշխատեցին՝ քիմիական զենք և այլն, որ Սիրիայի իշխանությունների դեմ դուրս եկավ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ վերջերս Սիրիայի ավիաբազայի վրա ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի անմիջական հրամանով հրթիռային հարձակումն իրականացրեց: Սիրիական հակամարտության վերջին 6 տարիների ընթացքում առաջին անգամ Վաշինգտոնը գնաց իր համար աննախադեպ ռազմական գործողութուն եւ հարվածեց մի ավիաբազայի, որտեղ ոչ վաղ անցյալում տեղակայված է եղել ռուսական ուղղաթիռների էկսադրիլիան: Պատճառը սիրիական իշախնությունների կողմից իբր թե քիմիական զենքի կիրառումն էր խաղաղ բնակչության դեմ Իդլիբ քաղաքում: Սիրիական կառավարություն այս մեղադրանքը հերքում է: Ռուսաստանն ու Իրանը կտրուկ քննադատեցին ԱՄՆ գործողությունները: Սիրիայում հրադադարի երաշխավորներից (ՌԴ, Իրան, Թուրքիա) միայն Թուրքիան որդեգրեց այլ դիրքորոշում: Անկարան աջակցություն ահյտնեց ԱՄՆ գործողություններին եւ կոչ արդեն Մոսկվային հրաժարվել Ասադին աջակցելուց:
Նավասարդանի խոսքով՝ արդեն խոսք է գնում Սիրիայի մասնատման մասին: «ԴԱԻՇ-ի խնդրում, որ, կարծես թե, առաջընթաց կար, լրիվ հակառակ իրավիճակն է ստեղծվել: Նրանք հիմա ավելի կլկտիանան: Չնայած Թրամփը հայտարարեց, որ կոչնչացնեն, արմատախիլ կանեն, բայց ես շատ կասկածում եմ, որ նրանք դա կկարողանան անել»,- ասաց նա՝ նշելով, որ եթե հիմա ԴԱԻՇ-ն առավել պասիվ է ռազմական գործողություններում, այնուամենայնիվ դրանք տարալուծվում են տարբեր տեղերում և թափանցում են ազգաբնակչության մեջ: Իր ասածի հետևանք նա համարեց Եվրոպայի և Ռուսաստանի քաղաքներում կատարվող ահաբեկչությունները:
Վերադառնալով ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների սրմանը խնդրին՝ նա հիշատակեց, որ Մոսկվա ժամանած ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ նախագահ Վլադիմիր Պուտինը չհանդիպեց: «Հիմա ամեն ինչ պետք է իջեցվի երկարատև դիվանագիտական բանակցությունների և եթե ոչ հարաբերությունների սառեցման, ապա ինստագնացիայի»,- ասաց նա՝ ահվելելով, որ այս պահին աշխարհին ուղղված ամենամեծ սպառնալիքը գալիս է Հյուսիսային Կորեայից, որն ունի ժամանակակից շատ ուժեղ զենք, և այսօրվա դրությամբ կարող են հարված հասցնել ԱՄՆ-ին և ամբողջ տարածաշրջանին:
«ԱՄՆ-ն հիմա հրաժարվում է երկբևեռ քաղաքականությունից և հանդես է գալիս գերտերության դիրքերից, որը պետք է կառավարի ամբողջ աշխարհը: Սա բաժին է ընկել Թրամփի նախագահության շրջանին»,- ասաց նա։ Նրա կարծիքով, աշխարհում կատարվող վերոնշյալ զարգացումներն առնչություն կունենան նաև Հայաստանի հետ, նշում է tert.am-ը:
Նա չհամաձայնեց այն կարծիքների հետ, թե ԱՄՆ-ն ձեռքը քաշել է Հարավային Կովկասի վրայից և հանձնել է Ռուսաստանին: «Ես համոզված եմ, որ ամերիկյան քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը լինելու է Հարավային Կովկասը, որովհետև այստեղ մի այնպիսի թնջուկ է ստացվում՝ Իրան, Վրաստան, Թուրքիա և նաև Իսրայել: Այս իրադրությունը գալիս է ասելու, որ այստեղ բոլորովին նոր քաղաքական իրավիճակ կարող է ստեղծվել և Հայաստանը պետք է կարողանա ճիշտ, գրագետ աշխատել և մանևրել»,- ասաց նա: