ՌԴ-ն, Ղրղզստանը և Տաջիկստանը մշակել են միասնական ՀՕՊ համակարգերի ստեղծման համաձայնագրեր
Ռուսաստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը մշակել են միասնական հակաօդային պաշտպանության համակարգերի ստեղծման մասին համաձայնագրեր: Այդ մասին հայտնել է գլխավոր շտաբի ղեկավարը՝ ռուսական Օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի առաջին տեղակալ Պավել Կուրաչենկոն:
«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ, փաստաթղթերն այժմ միջգերատեսչական համաձայնեցման փուլում են:
Ռուս գեներալը հիշեցրել է, որ նմանատիպ համաձայնագրեր են արդեն կնքված Հայաստանի, ինչպես նաև Բելառուսի և Ղազախստանի հետ:
Ավելի վաղ Օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար Վիկտոր Բոնդարևը հայտարարել է, որ տարածաշրջանային սկզբունքով հակաօդային պաշտպանության համակարգերի հետագա ինտեգրումը զինվորականների համար առաջնահերթություն է: Ծրագիրը նախատեսում է ՀՕՊ միասնական համակարգերի ստեղծում Արևելաեվրոպական, Կովկասյան և Կենտրոնասիական տարածաշրջաններում: