Ի՞նչ ժառանգությունով է գնում ընտրությունների «Ժառանգությունը»

Վերջին շրջանում շատ են խոսակցություններն այն մասին, որ «Ժառանգությունը» քայքայման եզրին է, իսկ ներքին խմորումներն ու տարաձայնությունները այլևս անհնար է թաքցնել: Խնդիրը ավելի է բարդացնում այն հանգամանքը, որ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը տևական ժամանակ է մեկուսացած է և, կարծես, հայաստանյան ներքաղաքական զարգացումներում իր դերակատարումն այլևս չի տեսնում: Այս պահին էլ նա ԱՄՆ-ում է, թեև քաղաքական դաշտը գերլարված ու սպասողական վիճակում է:

Ընտրությունների նախաշեմին շատերն ակնկալում են, որ Հովհաննիսյանը, որպես քաղաքական ուժի առաջնորդ, որը քիչ թե շատ, լավ թե վատ, բայց ունի ներկայացվածություն Ազգային Ժողովում, դարձյալ կփորձի քաղաքական առևտրի մեջ մտնել այլ ուժերի հետ և համամասնական ցուցակում տեղեր վաճառել: Հիշենք՝ 2012 թվականին հենց նման գործարքների հետևանքով էր, որ բավականին լավ մեկնարկ տված ու հանրության վստահությունը վայելող կուսակցականներ Արմեն Մարտիրոսյանը, Ստյոպա Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանը հայտնվեցին ցուցակի ոչ անցողիկ տեղերում ու դուրս մնացին խորհրդարանից: Փոխարենը ԱԺ եկան «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, Թևան Պողոսյանը, ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ մարդիկ, որ առանձին անհատներ ու գործիչներ են, բայց որևէ կապ «Ժառանգության» հետ չունեն:

Այսօր իրավիճակն ավելի բարդ է: Ամռանը՝ ՊՊԾ գնդի գրավման ու հետագա զարգացումների ֆոնին, «Ժառանգությունը» չմասնակցեց ՏԻՄ ընտրություններին, իսկ ով ինչ ուզում է ասի, բայց տեղական ինքնակառավարման ընտրությունները լավ տրամպլին են ու հիմք համապետական ցանկացած ընտրության մասնակցության համար: Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն, քաղաքական կյանքն այլևս չի հետաքրքրում, Զարուհի Փոստանջյանը վաղուց արդեն հասարակության կողմից ընկալվում է իբրև անկախ գործիչ, ով կուսակցությունում դեռ ճիգեր է գործադրում վերմակն իր վրա քաշելու... Այդ ամենին գումարվում է այն հանգամանքը, որ այլևս դժվար է թաքցնել, որ կուսակցություն, որպես այդպիսին, վաղուց գոյություն չունի և հիմա մնացած բեկորները՝ նույն Փոստանջյանը, Արմեն Մարտիրոսյանը, Անահիտ Բախշյանը և մյուսները, փորձում են իրենց ապագան կերտել: Ի վերջո՝ իսկական դրա ժամանակն է:

Ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններն են: Սահմանադրական փոփոխություններից հետո սա ամենագլխավոր ընտրությունն է, որ հասարակությունը պետք է կատարի, և քաղաքական ուժերը, որոնք մասնակցություն չեն ունենա այս ընտրություններին, կհայտնվեն այլևս լուսանցքում: «Ժառանգությունը» մասնակցության մասին հայտարարել է, բայց դեռ հստակ չէ, թե ինչ ձևաչափով: Կուսակցության փոխնախագահը կողմնակից է դաշինքով մասնակցությանը, ամանորին անգամ հանդես եկան «իշխանափոխության մանիֆեստի առաջարկով», որում նշվում էր, որ «Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի կողմից ղեկավարվող ապօրինի իշխանությունից Հայաստանն ազատելու նպատակով ընդդիմադիր ուժերի որևէ դաշինքի հասնելու համար» անհրաժեշտ է քննարկել և համաձայնության գալ 9 դրույթների շուրջ»: Սակայն Զարուհի Փոստանջյանը հայտարարեց լրիվ հակառակը՝ ոչ մի դաշինք, մանիֆեստն էլ խայտառակություն որակեց: Հաջորդ լուրը՝ Մարտիրոսյանը շարունակում է քննարկումները այլ ուժերի հետ, իսկ Բախշյանը հնարավոր է ընդհանրապես ընտրություններին մասնակցի «Ազատ դեմոկրատների» ցուցակով:

Եվ ահա այսօր Փոստանջյանը հարցազրույց է տալիս, որում հայտարարում, որ որևէ քաղաքական ուժի հետ բանակցություններ վարելու լիազորություն կուսակցության փոխանախագահ Արմեն Մարտիրոսյանը չունի, իսկ հարցին՝ հնարավո՞ր է ինքը լքի կուսակցությունը նշում, թե ինքը այն գործիչն է, որ հեռացնում է բոլոր նրանց «ովքեր փորձում են իրեն խանգարել»:

VERELQ-ի հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանը հրաժարվեց որևէ կերպ անդրադառնալ Փոստանջյանի հայտարարությանը՝ նշելով, որ կուսակցական որևէ հարց հանրային դաշտ տեղափոխելու կարիք չի տեսնում.

«Կուսակցությունում շատ հանգիստ վիճակ է, մենք կարողանում ենք շատ հանգիստ քննարկել և հասարակությանը ներկայացնել որոշումները: Ինչ վերաբերում է այլ ուժերի հետ հանդիպումներին, ապա խոսքը ոչ թե բանակցությունների մասին է, այլ քննարկումների: Ասեմ միայն, ոչ վարչությունը միշտ տեղյակ է լինում, թե ինչ է քննարկվել և որոշում է կայացնում ելնելով այդ քննարկումներից, անձնական որոշումներով չենք առաջնորդվում»,- շեշտեց կուսակցության փոխնախագահը:

Ըստ Մարտիրոսյանի՝ «Ժառանգությունում» տարաձայնությունների մասին էլ խոսակցությունները չափազանցված են, բայց իրենք արդեն սովոր են՝ գործունեության հենց սկզբից մամուլը մշտապես «քանդել ու քայքայել է» «Ժառանգությանը»:

Եվ ևս մեկ կարևոր նրբություն, որի վրա շեշտադրում կատարեց Արմեն Մարտիրոսյանը, ըստ էության՝ հակադարձելով Զարուհի Փոստանջյանին.
««Ժառանգության» անունից ում խոսելու իրավունքը ամրագրված է կուսակցության կանոնադրությամբ: Սրանով ամեն ինչ ասված է»,- ընդգծեց փոխնախագահը: Նշենք, որ «Ժառանգության» կանոնադրությամբ սահմանված է, որ վարչության, կուսակցության անունից հանդես գալու իրավունք ունի կուսակցության նախագահը, իսկ նրա բացակայության պարագայում՝ վարչության փոխնախագահը: Տվյալ դեպքում՝ Արմեն Մարտիրոսյանը:

Ակնկալելի է, որ «Ժառանգության» այս խմորումները դեռ շատ ջուր կտանեն, բայց ակնկալելի է նաև, որ նախկին կուսակցությունից ու, հատկապես, դրա «ոսկե ժամանակահատվածի» գործիչներից շատերին, եթե անգամ տեսնենք էլ ապագա խորհրդարանում, ապա հաստատ ոչ «Ժառանգության» անվան ներքո:

Պատրաստեց Լիա Խոջոյանը