28.11.2024
Լինել ֆորպոստ, թե՞ ոչ. ՀՀ-ն փորձում է դուրս գալ այդ ընտրության տրամաբանությունից. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Ի՞նչ գործընթացներ են սպասվում Կիրանցում առաջիկա օրերին. Փաշինյանը փակագծեր բացեց

Անվտանգության զգացողությունը սահմանն է, պետական դելիմիտացված սահմանն է, անվտանգության զգացողությունը խաղաղությունն է, անվտանգության զգացողությունն էսկալացիայի բացակայությունն է, տարածաշրջանային կայունությունն է: Այս մասին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում, Փաշինյանն ասաց.


"Այս ընթացքում Կիրանցի ներկայացուցիչների հետ առնվազն 4 հանդիպում ունեցել եմ: Կիրանցի հատվածում մենք ունենք, եթե չեմ սխալվում, սահմանազատման ենթակա 11 կետ: Այսինքն՝ սահմանազատման այդ 11 կետերի այդ հատվածի մի հսկա մասում Կիրանցի ժողովուրդն էլ չի վիճարկում այդ սահմանը: Մենք առաջիկա օրերին կսկսենք այն հատվածի սահմանազատումը, որը չի վիճարկվում, այդ թվում՝ Կիրանցի ժողովրդի կողմից, իսկ մյուս 3 կետերի շուրջ մենք լուծումներ կփնտրենք:


Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք Հայաստանի Հանրապետության սահմանը, Կիրանցը սահման չունի: Կիրանցը սահման ունի այնքանով, որքանով սահմանամերձ, սահմանապահ գյուղ է: Բայց մենք որևէ տեղում սահմանազատում իրականացնելով՝ պետք է ներդնենք այնպիսի բանաձև, որը հանկարծ այլ տարածքներում և ոչ թե մետրերով, այլ կիլոմետրերով չնյութականացնի Հայաստանի Հանրապետության պետական սահմանը: Կարողացա՞ միտքն ասել, թե ինչի մասին է խոսքը, որովհետև այստեղ կան շատ նյուանսներ, շատ բարդություններ: Եթե ուշադիր լինեք, հրապարակային հայտարարություններում էլ այդ բարդությունների և նյուանսների մասին կիմանաք, բայց ես ուզում եմ այս հանգամանքի վրա մեր ուշադրությունը հրավիրենք: Այո, իհարկե, Կիրանցի ամեն բնակչի շահը մեր ուշադրության կենտրոնում է և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանցից յուրաքանչյուրի իրավունքները, արժանապատվությունը, անվտանգությունը պաշտպանենք, բայց կրկին ուզում եմ ընդգծել, որ մենք հիմա սահմանազատում ենք Հայաստանի Հանրապետության սահմանը:


Եվ մենք, տեսեք, սկզբից դրանից գնաց չէ՞ , բանավեճը դրա մեջ էր՝ մենք հիմա փաթեթո՞վ ենք անում, թե՞ ընդամենը կտորներ ենք անում: Մենք այս կտորներով ստեղծում ենք փաթեթի բանաձևը, և այդ բանաձևն այն ամենակարևոր ձեռքբերումն է, որը Հայաստանն ու Ադրբեջանն իրար հետ այդ ձեռքբերումն ունեցել են: Դա նույնքան ձեռքբերում է Հայաստանի համար, ինչքան ձեռքբերում է Ադրբեջանի համար, և հակառակը: Եվ այս ձեռքբերումը պետք է պահպանել, որովհետև այս ձեռքբերումը փոխադարձաբար այդ երկրների անկախության, ինքնիշխանության շատ կարևոր անկյունաքար է: Տեսեք, ես ասում եմ՝ անկյունքար, այն օրն էլ ասացի՝ ով շինարարությունից շատ թե քիչ գիտի, գիտի, որ անկյունաքարը ոչ թե ամբողջն է, այլ սկզբից, շինարարություն անելիս անկյունքարերը դնում են և դրանց շուրջ սկսում է կառուցումը: Այս անկյունաքարերը դրված են, դրվում են, և պետք է դնել այդ անկյունքարերը և շարունակել կառուցումը:


Եվ կրկնում եմ, որ Կիրանցում տեղի կունենա հետևյալը՝ այն հատվածները, որոնք վիճարկման ենթակա չեն, այդ թվում՝ Կիրանցի մեր սիրելի քույրերի և եղբայրների կողմից, մենք այդ հատվածում կսկսենք սահմանազատման աշխատանքները, իսկ այն 3, 4 կետերը, որոնց հետ կապված բանավեճ կա, այդ 4 կետերի շուրջ աշխատանքը կշարունակենք՝ մինչև գանք ինչ-որ մի հայտարարի և կարողանանք սեղանին դնել համոզիչ փաստարկներ, որոնք կընդունվեն որպես ճշմարտություն",- հավելեց նա: