Լինել ֆորպոստ, թե՞ ոչ. ՀՀ-ն փորձում է դուրս գալ այդ ընտրության տրամաբանությունից. Փաշինյան
Մենք 30 տարի մեզ հարց չենք տվել՝ եթե մենք այս մի հարևանի հետ այս պրոբլեմը ունենք, մյուսի հետ էն մեկը ունենք, ապա մենք ո՞նց ենք պատրաստվում ապրել այս տարածաշրջանում: Նման պայմաններում տարածաշրջանում հնարավոր է ապրել միայն արտաքին հովանավորի առկայությամբ: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե արդյո՞ք մեր հարևան պետությունների ախորժակը էլ ավելի չի գրգռվելու, երբ մենք անընդհատ տվողի դերում ենք ու հետն էլ ֆորպոստի կարգավիճակից ենք դուրս գալիս, Փաշինյանն ասաց.
"Մենք մեր բանակի և մեր զինվորի նկատմամբ անարդար ենք վերաբերվում, որովհետև մենք ինչքան բեռ կա դնում ենք զինվորի վրա ու ասում ենք՝ զինվոր ջան, տես ինչ ես անում: Ֆորպոստի տրամաբանություն է, երբ մենք զինվորի վրա անհամաչափ բեռ ենք դնում: Ընդհանրապես, զինվորը ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած, զինվորը պետք է լինի մշտական տեղակայման վայրում, լինի մոբիլ":
Հստակեցմանը, թե որտեղ մեր զինվորը կանգնած է, դա մեր հողն է, Փաշինյանը հակադարձեց՝ բա Արծվաշենը մեր հողը չի՞, որ այնտեղ զինվորը կանգնած չէ:
Վերադառնալով ֆորպոստի հարցին ու այն դիտարկմանը, որ ավելի ճիշտ չէ, ելնելով անվտանգության նկատառումներից, մնալ ֆորպոստ, Փաշինյանը հակադաչձեց՝ հենց խնդիրը նրանում է, որ Հայաստանը փորձում է դուրս գալ այդ ընտրության տրամաբանությունից: