24.11.2024
Կառավարության նոր ծրագիրը կգործի մինչև 2017-ի խորհրդարանական ընտրությունները
prev Նախորդ նորություն

ՊԵԿ նախագահն՝ ընդդեմ ստվերային շրջանառության և հովանավորչության

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը աշխատանքային խորհրդակցության ընթացքում ներկայացրել է համակարգի հետագա գործունեության հիմնական առաջնահերթությունները: Նորանշանակ ղեկավարը կարևորել է օրինապահ տնտեսվարողների, հատկապես՝ փոքր և միջին բիզնեսի համար գործունեության փափուկ դաշտ ապահովելը.

«Օրենքի դաշտում գործողները չպետք է զգան հարկային ծառայության ներկայությունը։ Հսկողության լայն գործիքակազմը սպառելուց հետո միայն կարելի է թիրախավորված ստուգում անցկացնել ՓՄՁ-ներում, այն էլ՝ հստակ չափորոշիչներով ռիսկայնությունը հիմնավորելով»։ Կոմիտեի նախագահն ընդգծել է հարկ վճարող-հարկային ծառայող փոխհարաբերությունները գործընկերային դաշտ տեղափոխելու անհրաժեշտությունը։

Նա հորդորել է կոմիտեի աշխատակիցներին հարկ վճարողներին վերաբերվել որպես երկրի համար տնտեսական բարիք ստեղծողների՝ ի շահ պետության և բյուջեի եկամուտների ապահովման.

«Պետք է բացառել կանխավճարների կուտակումը, որը լրացուցիչ բեռ է պետբյուջեի համար: Փոխարենը պետք է բացահայտել, հիմնավորել և պետբյուջե վերականգնել առկա, բայց թաքցված հարկային պոտենցիալը»,- ասել է նա։

Գործընթացի հիմքում առաջնահերթ դրվելու են իրազեկման, բացատրական և նախազգուշացման աշխատանքները։ Բոլոր միջոցները սպառելուց հետո է միայն հարկային ծառայությունը դիմելու համարժեք քայլերի։ Կոմիտեի ջանքերն ուղղվելու են ստվերային շրջանառությունը սպիտակ դաշտ բերելուն։ Վարդան Հարությունյանը հանձնարարել է հարկային տեսչությունների ղեկավարներին ամենօրյա ռեժիմով ուսումնասիրել և գնահատել իրենց տարածքում գործող ձեռնարկությունների շրջանում առկա ստվերը.

«Պետք է վերհանել և բացառել հովանավորչությունը։ Անկախ բարեկամական կապերից, զբաղեցրած դիրքից՝ բոլոր տնտեսվարողները պետք է գործեն հավասար դաշտում»,- հավելել է նա։