19.05.2025
Լուսանկարը՝ Սպուտնիկի
prev Նախորդ նորություն

Մեզ անհրաժեշտ է վերականգնել ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ. Ռոբերտ Քոչարյան

Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համապարփակ հարցազրույց է տվել մի շարք լրատվամիջոցների, որտեղ ներկայացրել է երկրի ներկա քաղաքական իրավիճակի և աշխարհաքաղաքական դիրքի վերաբերյալ իր տեսակետը։ Զրույցի ընթացքում Քոչարյանն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Ռուսաստանի հետ հարաբերություններին, երկրի անվտանգության խնդիրներին և սուր քննադատության է ենթարկել գործող իշխանությունը։


Նախկին նախագահի կարծիքով՝ «պարտության սիմվոլը չի կարող արժանապատիվ խաղաղություն բերել»։ Նա ընդգծել է, որ Հայաստանն այսօր ի վիճակի չէ ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը տարածաշրջանում, և առաջնահերթ խնդիրը պետք է լինի բանակի հզորացումը և աշխարհաքաղաքական գործընկերների հետ այնպիսի հարաբերությունների կառուցումը, որոնք կկոմպենսացնեն երկրի թերությունները։


«Պետք է վերականգնել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը և, իհարկե, ներառել Իրանի գործոնը։ Հայ-ռուսական հարաբերություններին գումարենք Իրանի կոմպոնենտը՝ դարձնելով դրանք եռակողմ հարաբերություններ», — նշել է Քոչարյանը։


Նա մեղադրել է ներկայիս իշխանություններին Ռուսաստանի վերաբերյալ «կեղծ թեզեր» առաջ բերելու և հակառուսական տրամադրություններ զարգացնելու համար քարոզչամեքենա օգտագործելու մեջ։ Նրա խոսքերով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքներն օկուպացնելու հարցը պետք էր լուծել ոչ թե ՀԱՊԿ-ի միջոցով, այլ՝ հայ-ռուսական հարաբերությունների շնորհիվ. «ՀԱՊԿ-ի ողնաշար հանդիսացող երկրի հետ հարաբերություններդ փչացնում ես, ու հետո ասում՝ ՀԱՊԿ-ը մեզ չօգնեց»։


Անդրադառնալով տարածքային ամբողջականության հարցերին՝ Քոչարյանը հայտարարել է, որ նույնիսկ իշխանափոխության դեպքում, եթե երկրի կշիռը չմեծանա, դելիմիտացիա-դեմարկացիայի գործընթացում ոչինչ չի փոխվի. «Դրա համար արդյունավետ կառավարում է պետք, բանակի հզորացում, տնտեսական զարգացում և հզոր գործընկեր»։


Խոսելով ներքին քաղաքականության մասին՝ նախկին նախագահը ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվանել է «կոռուպցիայի Էյնշտեյն» և քննադատել է նրա մոտեցումը պետական կառավարման հարցում։ «2018-ին Նիկոլն ասում էր, որ մենք ունենք փայլուն ժողովուրդ, կիրթ, խելոք։ Հիմա ասում է՝ դուք վատ եք ապրում, որովհետև փնթի եք, թամբալ եք, ծույլ եք, վախկոտ եք», — ընդգծել է Քոչարյանը։


Իր քաղաքական ապագայի վերաբերյալ Քոչարյանը հայտարարել է. «Իմ անցյալը հուշում է, որ ճգնաժամային իրավիճակներում ես կարողանում եմ կառավարել։ Ես հայտարարում եմ, որ այն մարդն եմ, որ կարող եմ այս հարցերը լուծել»։ Նա նաև նշել է, որ եթե առաջանա իշխանություններից ազատվելու համար կոալիցիա կազմելու անհրաժեշտություն, չի կարծում, որ այլընտրանք կլինի, սակայն միասին ընտրության գնալու հնարավորություն չի տեսնում։


Քոչարյանն անդրադարձել է նաև թուրքական գործոնին՝ նշելով, որ «Թուրքիայում օսմանյան երազանքը նոր զարթոնք է ստանում», և Հայաստանը «խորթ մարմին է մի մեծ քաղաքական պատկերի մեջ, որը Թուրքիան այսօր ակնհայտ հետապնդում է»։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է լավ հարաբերություններ կառուցել այդ երկրի հետ, բայց չպետք է շանտաժի ենթարկվել։


Մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները մնացել է մեկ տարի, և Քոչարյանը կանխատեսում է սուր քաղաքական պայքար. «Նրանք գիտեն՝ ինչ են արել, և գիտակցում են, որ պատասխան տալու ժամանակը գալիս է»։

Լուսանկարը` РИА Новости
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mediamax.am
19.05.2025
Բաքվի նախապայմանները չեն խոչընդոտի խաղաղության պայմանագրին. Ալեն Սիմոնյան