19.05.2025
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ-ն կոչ է անում արագացնել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը

Լուսանկարը` РИА Новости
Լուսանկարը` РИА Новости

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի առաջիկա ժամանակահատվածում։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։


«Կովկասում նկատվում են որոշակի դրական միտումներ։ Խոսքը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության՝ բանակցությունների ավարտի և երկու երկրների միջև միջպետական փաստաթղթի տեքստի հաստատման վերաբերյալ հայտարարության մասին է», — նշել է նա ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) խորհրդի նիստի ընթացքում։


«Մենք հույս ենք հայտնում փաստաթղթի շուտափույթ ստորագրման վերաբերյալ և ակնկալում ենք, որ դրա իրականացումը ճանապարհ կհարթի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման համար», — ընդգծել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։


Չնայած Հայաստանը և Ադրբեջանը 2025 թվականի մարտին պաշտոնապես հայտարարել են 17 պարբերությունից բաղկացած խաղաղության պայմանագրի տեքստի լիարժեք համաձայնեցման մասին, դրա ստորագրումը հետաձգվում է Բաքվի կողմից առաջադրված նախապայմանների պատճառով։


Ադրբեջանը Հայաստանից պահանջում է փոփոխություններ կատարել սահմանադրության մեջ՝ վերացնելու համար այն, ինչը համարում է «տարածքային հավակնություններ»։ Խոսքը սահմանադրության մեջ Հայաստանի անկախության հռչակագրի հղման մասին է, որը, ըստ Ադրբեջանի, պարունակում է ադրբեջանական տարածքները Հայաստանին միացնելու դրույթներ, որին կտրականապես համամիտ չէ պաշտոնական Երևանը:


Երկրորդ պայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության պաշտոնական դադարեցումն է, որը 1992 թվականից զբաղվել է միջնորդությամբ ղարաբաղյան հակամարտության մեջ։ Հայաստանը 2025 թվականի հունվարին պատրաստակամություն է հայտնել համաձայնվել այս պահանջին, սակայն վերջնական որոշումը, հավանաբար, դեռ չի կայացվել։


Երևանը հայտարարում է համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի քննարկմանը պատրաստ լինելու մասին, սակայն Բաքուն պնդում է, որ նախ պետք է կատարվեն իր պայմանները։

Լուսանկարը` mediamax.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mediamax.am
19.05.2025
Բաքվի նախապայմանները չեն խոչընդոտի խաղաղության պայմանագրին. Ալեն Սիմոնյան