8.05.2025
Իրանի արտգործնախարարը Պակիստան այցելելուց հետո մեկնել է Հնդկաստան
prev Նախորդ նորություն

Հայաստանը կմիանա միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման Աշխաբադի համաձայնագրին

Լուսանկարը` Economy of Armenia
Լուսանկարը` Economy of Armenia

Հայաստանի կառավարությունը մայիսի 8-ի նիստում քվեարկել է երկրի միանալու օգտին «Իրանի Իսլամական Հանրապետության, Օմանի Սուլթանության, Կատարի Պետության, Թուրքմենստանի և Ուզբեկստանի Հանրապետության միջև միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրին, որը հայտնի է որպես Աշխաբադի համաձայնագիր:


Ընդունված որոշման պաշտոնական հիմնավորման համաձայն, այս համաձայնագրին միանալը Հայաստանի համար կբացի նոր հնարավորություններ ինտեգրվելու Կենտրոնական Ասիայի երկրների և Պարսից ծոցի ու Օման ծովի նավահանգիստների միջև տրանսպորտային միջանցքին, ինչպես նաև թույլ կտա օգտվել մասնակից պետությունների տրանսպորտային և տարանցիկ ներուժից:


Աշխաբադի համաձայնագրին միանալը կնպաստի մասնակից երկրների տարածքով բեռների և ուղևորների փոխադրման ու տարանցման հուսալի պայմանների ստեղծմանը, մուլտիմոդալ փոխադրումների դյուրացմանը, տրանսպորտային ծախսերի օպտիմալացմանը և հանրապետության տարանցիկ դերի բարձրացմանը: Բացի այդ, այն կհանգեցնի տրանսպորտային փոխադրումների անվտանգության բարձրացման, մասնակից երկրների փոխադրող կազմակերպությունների համար հավասար պայմանների ստեղծման և մաքսային ընթացակարգերի դյուրացման:


Որոշման մեջ նշվում է, որ համաձայնագիրը համահունչ է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմնական սկզբունքներին և կնպաստի տարածաշրջանում տրանսպորտային կապերի և տնտեսական համագործակցության խորացմանը:


Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանությունը հաստատելու նպատակով որոշման նախագիծը կուղարկվի հանրապետության Սահմանադրական դատարան, և դրական եզրակացության դեպքում կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: