Միրզոյան․ Հայ-ռուսական հարաբերությունները հիմնված են երկարաժամկետ համագործակցության վրա
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները բոլոր ուղղություններով կառուցված են երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության հիման վրա։ Այդ մասին նա ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած հանդիպումից հետո։
Նրա խոսքով՝ արդեն ավարտվել է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների նոր՝ երկու տարվա ծրագրի մշակումը։ «Հուսով եմ՝ այսօր կստորագրենք այս փաստաթուղթը», — նշել է Միրզոյանը։
Նախարարը նշել է, որ հանդիպումը կառուցողական է եղել և հույս է հայտնել, որ նաև ընդլայնված ձևաչափով հանդիպումը արդյունավետ կլինի։
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ նկատվում է դրական դինամիկա նաև հումանիտար համագործակցության զարգացման գործում՝ վստահություն հայտնելով, որ Ռուսաստանում նախատեսվող «Հայաստանի մշակույթի օրերը» նոր ազդակ կհաղորդեն երկու երկրների միջև մշակութային կապերին։
Միրզոյանը նաև նշել է, որ Երևանը շահագրգռված է խորացնել համագործակցությունը միջկառավարական և միջխորհրդարանական հանձնաժողովների, ինչպես նաև այլ համատեղ հարթակների շրջանակներում։
Բացի այդ, նախարարն ընդգծել է բազմակողմ ձևաչափերով համագործակցության կարևորությունը՝ մասնավորապես ԵԱՏՄ-ի շրջանակում։ Նա հիշեցրել է, որ մայիսի 15-ից ուժի մեջ է մտել Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագիրը, որը նոր հնարավորություններ է բացում տարածաշրջանի համար։