ՌԴ-ն կողմ է, որ "3+3" ձևաչափի հաջորդ հանդիպումներն անցկացվեն Երևանում և Բաքվում. Լավրով
Ընթանում են «3+3» ձևաչափով երրորդ հանդիպման նախապատրաստման աշխատանքները: Այս մասին Երևանում ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Նա նշեց, որ Ռուսաստանը կողմ է, որ այս ձևաչափի հաջորդ հանդիպումներն անցկացվեն Երևանում և Բաքվում.
«Նրանք կարող են պայմանավորվել միմյանց հետ, որպեսզի հաջորդ երկու միջոցառումները տեղի ունենան Հայաստանի և Ադրբեջանի մայրաքաղաքներում»:
Ըստ Լավրովի՝ ինքը զգալի ներուժ է տեսնում «3+3» ձևաչափի զարգացման մեջ:
"Մոսկվան աջակցում է Երևանին և Բաքվին՝ համաձայնագրի կնքման, հաղորդակցությունների ապաշրջափակման և սահմանի սահմանագծման ու սահմանազատման միջոցով լիարժեք խաղաղության հասնելու ճանապարհին։ Այդ գործընթացների հիմքում պետք է լինի 2020-22 թթ. բարձր մակարդակով ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների համալիրը",- ասաց նախարարը։