Ամենայն Հայոց Կաթողիկոս կոչ է արել պաշտպանել հայ ռազմագերիների իրավունքները
Լուսանկարը` ՀԱԵ-ի մամուլի ծառայություն
Մայիսի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Դատավորների եվրոպական միության (EAJ) տարեկան համաժողովի մասնակիցներին: Այս մասին հայտնել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական ծառայությունը:
Հայաստանի Հանրապետության դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը, հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը, ներկայացրել է շուրջ 35 եվրոպական երկրներից Հայաստան ժամանած պատվիրակներին և տեղեկություններ է փոխանցել համաժողովի աշխատանքների մասին:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը դիմել է հյուրերին հայրապետական օրհնությամբ և պատգամով՝ ուրախություն հայտնելով նրանց այցի առիթով Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Իր ելույթում Հայրապետն ընդգծել է դատավորների կարևոր առաքելությունն աշխարհում արդարություն հաստատման, մարդու իրավունքների և ազատության պաշտպանության գործում՝ կարևորելով արդարադատության բարոյահենք համակարգի ամրապնդումը: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը դատավորներին կոչ է արել իրենց ծառայության ընթացքում ուղենիշ դարձնել ավետարանական ճշմարտությունը, որ իրական արդարությունը բխում է առ Աստված հավատքից և դրսևորվում է սիրով:
Խոսելով հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների մասին՝ Նորին Սրբությունը կարևորել է միջազգային դատական հանրության անդրադարձը բռնի տեղահանված արցախահայերի արդար իրավունքների պաշտպանությանը, Ադրբեջանի կողմից գերեվարված հայորդիների նկատմամբ իրականացվող շինծու դատավարությանը, ինչպես նաև Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացման ու յուրացման գործողություններին:
Բաքուն հաստատում է իր մոտ 23 հայ ռազմագերու առկայությունը, թեև հայկական կողմը փաստական տվյալներ ունի, որ Ադրբեջանը պահում է ևս 32 հայ գերու:
2023 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ իննամսյա շրջափակումից և տարածաշրջանի ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին:
Նրանց ներկայացված են բազմաթիվ կեղծ մեղադրանքներ, որոնք նախատեսում են պատիժ՝ ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում: Բացի նրանցից, ռազմական դատարանի առջև կանգնած է ևս ութ հոգի: