Հայոց ցեղասպանության մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վերջերս արած հայտարարությունը չպետք է անդրադառնա ռազմական ոլորտում Միացյալ Նահանգների և Թուրքիայի հարաբերությունների վրա։ Այս մասին ապրիլի 26-ին լրագրողներին հայտնել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մենք Թուրքիայի հետ ռազմական հարաբերություններում որեւէ փոփոխություն չենք ակնկալում։ Թուրքիան ՆԱՏՕ-ի գծով մեր դաշնակիցն է, - ասել է նա։ - Մենք չենք ակնկալում, որ նախագահի այս հայտարարությունը, որ նա արել է անցած հանգստյան օրերին, ինչ-որ կերպ կանդրադառնա դրանց»: Քիրբին նաեւ հույս է հայտնել, որ թուրք-ամերիկյան կապերը ռազմական ոլորտում միայն կամրապնդվեն: Ջո Բայդենն ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբի իրադարձությունները որակել է որպես Հայոց ցեղասպանություն։ Պետության ղեկավարի պաշտոնում նրա նախորդները խուսափում էին այդ տերմինի օգտագործումից ։ VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այն հարցին, թե արդյոք այդ ճանաչումը կարող է իրավական հետևանքներ ունենալ և փոխել ԱՄՆ քաղաքականությունը ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիայի կամ Հայաստանի նկատմամբ, պատասխանել է, որ քանի որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել 1915 թվականին, իսկ Ցեղասպանության մասին կոնվենցիան ընդունվել է 1951 թվականին, ապա իրավական տեսանկյունից կոնվենցիան հետադարձ ուժ չի կարող ունենալ: «Ինչ վերաբերում է ԱՄՆ հարաբերությունների և Թուրքիային, ապա այդ երկիրը կարեւոր է ԱՄՆ-ի դաշնակիցը ՆԱՏՕ-ի շրջանակներում: Սակայն Բայդենի վարչակազմը շատ հստակ հայտարարել է, որ ԱՄՆ - ի եւ Թուրքիայի միջեւ տարաձայնությունները պետք է արդյունավետ կերպով կարգավորվեն», - ասել է դեսպանը։