Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կապեր են հաստատել դեսպանատների աշխատանքի կարգավորման համար
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն սկսում են շփումները դեսպանատների աշխատանքի կարգավորման հարցում, պետք է մշակվի աշխատանքային խմբերի ստեղծումը եւ դրանց ձեւաչափը, լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Եվգենի Իվանովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Շփումների մասին... Երեկ մենք բոլորս տեսել ենք, որ մեր դեսպանը ժամանել է Վաշինգտոն, հիմա հենց այդ աշխատանքն է սկսվելու և որոշվելու ձեւաչափերը, այն, ինչի մասին խոսել է Ռուսաստանի Դաշնության նախագահը՝ աշխատանքային խմբերի ստեղծումը, այդ ամենը մշակվելու է», - ասել է Իվանովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Դեսպաններին Մոսկվա եւ Վաշինգտոն վերադարձնելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել հունիսի 16-ին Ժնեւում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը հանդիպման ժամանակ:
Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը, որը մարտին հրավիրվել էր Մոսկվա երկու երկրների հարաբերությունների վատթարացման ֆոնին խորհրդակցությունների համար, կիրակի առավոտյան մեկնել է ԱՄՆ եւ կեսօրին ժամանել է Նյու Յորքի օդանավակայան, որտեղից մեկնել է Վաշինգտոն: Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը հայտարարել է, որ շուտով կվերադառնա Ռուսաստան: