Կոնգրեսականները կոչ են արել Բայդենին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ
ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել Բայդենին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ, եթե ադրբեջանական ուժերը դուրս չբերվեն Հայաստանի տարածքից, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Ինչպես հաղորդում է ANCA-ն, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի առաջնորդները կոչ են արել նախագահ Ջո Բայդենին ճնշում գործադրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա հունիսի 14-ին կայանալիք հանդիպման ժամանակ եւ հայտարարել, որ ԱՄՆ-ն «կհրաժարվի անվտանգության ոլորտում օգնությունից եւ նպատակային տնտեսական պատժամիջոցներ կսահմանի, եթե ադրբեջանական ուժերը դուրս չբերվեն Հայաստանի տարածքից եւ մնացած բոլոր հայ ռազմագերիները ազատ չարձակվեն»:
Հունիսի 11-ի նամակում կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփեյերը, Դեվիդ Վալադաոն եւ Ադամ Շիֆը հայտարարել են, որ «նախադեպը ցույց է տալիս, որ Էրդողանն ու Ալիեւը չեն դադարեցնի իրենց ապակայունացնող գործողություններն ու միջազգային իրավունքի խախտումները, քանի դեռ Միացյալ Նահանգները լուրջ գործողություններ չի ձեռնարկել նրանց պատասխանատվության ենթարկելու համար»: