ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել Բայդենին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի եւ Թուրքիայի նկատմամբ, եթե ադրբեջանական ուժերը դուրս չբերվեն Հայաստանի տարածքից, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): Ինչպես հաղորդում է ANCA-ն, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի առաջնորդները կոչ են արել նախագահ Ջո Բայդենին ճնշում գործադրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վրա հունիսի 14-ին կայանալիք հանդիպման ժամանակ եւ հայտարարել, որ ԱՄՆ-ն «կհրաժարվի անվտանգության ոլորտում օգնությունից եւ նպատակային տնտեսական պատժամիջոցներ կսահմանի, եթե ադրբեջանական ուժերը դուրս չբերվեն Հայաստանի տարածքից եւ մնացած բոլոր հայ ռազմագերիները ազատ չարձակվեն»: Հունիսի 11-ի նամակում կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն, Գաս Բիլիրակիսը, Ջեքի Սփեյերը, Դեվիդ Վալադաոն եւ Ադամ Շիֆը հայտարարել են, որ «նախադեպը ցույց է տալիս, որ Էրդողանն ու Ալիեւը չեն դադարեցնի իրենց ապակայունացնող գործողություններն ու միջազգային իրավունքի խախտումները, քանի դեռ Միացյալ Նահանգները լուրջ գործողություններ չի ձեռնարկել նրանց պատասխանատվության ենթարկելու համար»: