Իրանն արձագանքել է Կլիմայի փոփոխությունների հարցով Փարիզի համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը՝ որակելով այն որպես «անպատասխանատու քայլ»: Ինչպես հայտնում է իրանական Presstv-ին, նման հայտարարություն է կատարել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին: «Տվյալ որոշումը ցույց է տալիս այդ երկրի իշխանությունների անպատասխանատվությունը միջազգային հանրության առջեւ: Կլիմայի փոփոխությունների հետեւանքների դեմ պայքարը բոլոր երկրների անկեղծ համագործակցությունն է պահանջում, հատկապես՝ զարգացած պետությունների», - ասել է նա: Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն աշխարհում երկրորդ երկիրն է ջերմոցային գազերի արտանետումների ծավալով: Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս Փարիզի կլիմայական համաձայնագրից։ Իր ելույթում նա ասել է, որ երկիրը կսկսի այդ ոլորտում նոր համաձայնագիր կնքելու շուրջ բանակցությունները։