Ստրասբուրգում այսօր մեկնարկել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ամառային նստաշրջանը: Օրակարգը բավականին հագեցած է ու թեև անմիջականորեն Հայաստանին առնչվող հարց չկա՝ հայկական պատվիրակությունը ակտիվ քննարկումներից անմասն չի մնա:
Նշենք, որ նստաշրջանի առաջին իսկ օրը հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ընտրվեց ԵԽԽՎ փոխնախագահ:
Ագրամունտի շուրջ կրքերը չեն հանդարտվում
Հավանաբար այս նստաշրջանը վերջինը կլինի ԵԽԽՎ նախագահի պաշտոնում Պեդրո Ագրամունտի համար: Հիշեցնենք, գարնանային նստաշրջանի ժամանակ ԵԽԽՎ-ում Ագրամունտի հրաժարականը պահանջել էին ոչ թե այն պատճառով, որ նրա անունը կոռուպցիոն մի շարք սկանդալային պատմություններում է հիշատակվում, այլ որովհետև մարտին նա ՌԴ ներկայացուցիչների հետ մեկնել էր Սիրիա, թեև ԵԽԽՎ-ն իրեն այդ իրավասությունը չէր տվել: Գարնանային նստաշրջանի մեկնարկը ազդարարվեց բավականին բուռն քննարկմամբ, որի արդյունքում Ագրամունտը ժամանակավորապես հրաժարվեց նախագահությունից:
Ավելի վաղ VERELQ-ը գրել էր, որ Ագրամունտը նաև, ըստ խոսակցությունների, համաձայնել էր հրաժարական տալ, ինչի դիմաց նա մի նախապայման էր առաջ քաշել՝ նախագահել ԵԽԽՎ-ում, երբ ելույթ է ունենալու Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-րդը: Ըստ մամուլի՝ քաղաքական խմբերի ղեկավարները համաձայնել էին այս պայմանի հետ` ինքնակամ հրաժարական տալու խոստման դիմաց, սակայն, երբ Իսպանիայի թագավորը ելույթ էր ունենում վեհաժողովում, պրոադրբեջանական լոբբիստի համարում ունեցող Ագրամունտը այդ նիստը չէր նախագահում:
Ագրամունտը, իհարկե, ներողություն էր խնդրել Վեհաժողովից ինքնակամ Սիրիա մեկնելու որոշման համար, բայց և հայտարարել, որ հրաժարական չի պատրաստվում տալ: ԵԽԽՎ-ն նրա նկատմամբ պատժամիջոցներ կիրառեց՝ նա զրկվել է ԵԽԽՎ-ի անունից հանդես գալուց և իր պաշտոնական այցելությունների ժամանակ ԵԽ ֆինանսական աջակցությունից օգտվելուց: Բայց այս ամենը ավելի շատ հոգեբանական ազդեցության գործիքակազմ է, քանի որ գլխավորը ԵԽԽՎ կանոնակարգում բացակայում է՝ Վեհաժողովը չի կարող պաշտոնից ազատել ԵԽԽՎ նախագահին:
Եվ ահա ամառային նստաշրջանում այս սխալը կուղղվի. օրակարգում է մի զեկույց, որով ընդունված բանաձևում հայտարարվելու է, որ այսուհետ Վեհաժողովը կարող է դադարեցնել նախագահի կամ դրա տեղակալի գործառույթներն այն հիմքով, որ նախագահը կամ նրա տեղակալը այլևս վստահություն չեն վայելում ԵԽԽՎ անդամների մոտ, կամ չեն կատարում այն պայմանները, որոնք ի պաշտոնե ստանձնել են, կամ նրանց հասցեին հնչում են այնպիսի մեղադրանքներ, որոնք վկայում են Վեհաժողովի անդամների պահվածքի կոդեքսի խախտման մասին:
Միգրացիան շարունակում է գրոհել
Հունիսի 28-ին ԵԽԽՎ պատվիրակները կնվիրեն սիրիական ճգնաժամիմի ֆոնին գրացիայի խնդիրների քննարկմանը: Հիմնական շեշտադրումը կդրվի ոչ միայն խնդրի քաղաքական և հումանիտարական կողմի վրա, այլ այն, թե ինչպես է միգրացիան խոչընդոտում եվրոպական երկրների զարգացմանը:
Նշենք նաև, որ ամառային նստաշրջանում ելույթ կունենան Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդը, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսը և այլ պաշտոնատար անձիք: