ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերում գրառում է կատարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում բետոնե արգելապատնեշ տեղադրելու վերաբերյալ: «Ադրբեջանի կողմից թարմ սադրանքը: Երեկ ադրբեջանական զինված ուժերը բետոնե արգելապատնեշ են տեղադրել՝ փակելու համար Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապով կյանքի ճանապարհը (120 հազար մարդու, այդ թվում՝ 30 հազար երեխայի համար)՝ Լաչինի միջանցքը: Դա արվել է Հաագայի դատարանի որոշման ֆոնին՝ ի հավելումն անօրինական անցակետի տեղադրման ու զրահատեխնիկա բերելու: Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականությունն ամենօրյա պրոցես է, ու մարդու իրավունքների այս կոպիտ խախտումները շարունակվում են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է նա: Ադրբեջանական կողմը երեկ՝ հունիսի 22-ին դիմել է հերթական սադրանքին ու հանցավոր գործողությանը՝ բետոնե արգելապատնեշով փակելով Արցախ-Հայաստան միակ ճանապարհը (Լաչինի միջանցքը): «Փաստորեն, ի լրումն ապօրինի անցակետի և զրահամեքենաների միջոցով ճանապարհի արգելափակման՝ Ադրբեջանն այժմ ցուցադրական կերպով փակում է ճանապարհը՝ բացառելով ցանկացած տեղաշարժ, այդ թվում՝ Կարմիր խաչի և խաղաղապահների կողմից: Այս դեպքը հերթական անգամ ցուցադրում է ադրբեջանական իշխանությունների հանցավոր նպատակները՝ Արցախի ժողովրդին ամբողջապես մեկուսացնել արտաքին աշխարհից և կիրառել բռնաճնշումների բոլոր մեթոդները»,- ասված է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունում: