Հայաստանի նորանշանակ դեսպանը հանդիպել է Լավրովին. քննարկվել են երկկողմ հարաբերությունները
Լուսանկարը` mid.ru
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր ընդունել է Հայաստանի նորանշանակ դեսպան Գուրգեն Արսենյանին։ Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են ռուս-հայկական հարաբերությունների և տարածաշրջանային օրակարգի որոշ հարցեր։
Լավրովը շնորհավորել է Արսենյանին դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ աշխատանքում՝ ի նպաստ երկու երկրների միջև դաշնակցային կապերի ամրապնդման:
Արսենյանը Ռուսաստանում Հայաստանի դեսպան է նշանակվել նախագահի օգոստոսի 14-ի հրամանագրով։ Դրանից առաջ նա վայր էր դրել պատգամավորական մանդատը, իսկ փաստաթղթերը Մոսկվա ուղարկել անցած աշնանը։
Հայ-ռուսական լարված հարաբերությունների այս փուլում Արսենյանը հույս է հայտնել մեղմել սուր կետերն ու փոխել երկու երկրների հարաբերությունների ալգորիթմը։
Նորանշանակ դեսպանը նախկինում դիվանագիտական ոլորտում չի եղել։ Նա Փաշինյանի թիմով պատգամավոր է դարձել 44-օրյա պատերազմից հետո՝ 2021 թվականին։