Ռուսաստանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության հնարավորինս արագ կազմակերպման օգտին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով, Ղարաբաղում և հարակից շրջաններում մշակութային և պատմական ժառանգության պահպանման թեման պարբերաբար քննարկվում է ինչպես պաշտոնական Բաքվի, այնպես էլ Երևանի հետ շփումներում: Մասնավորապես, հիշեցրեց նա, դրան անդրադարձ է եղել նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի Հայաստան և Ադրբեջան մայիսյան աշխատանքային այցերի ընթացքում. «Մենք սատարում ենք տարածաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության հնարավորինս արագ կազմակերպմանը և աշխատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով», - ասաց նա: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև հիշեցրեց, որ այս տարվա ապրիլի 13-ին համանախագահների կողմից ընդունված հայտարարությունում ասվում է. «Կրոնական և մշակութային ժառանգության պահպանությունը այն հարցերից մեկն է, որը լրացուցիչ ջանքեր է պահանջում Ադրբեջանից և Հայաստանից»: